Շոուն շարունակվում է, բայց հանրությանը շեղելու բոլոր փորձերը դատապարտված են․ Ամրամ Մակինյան
Շոուն շարունակվում է, բայց հանրությանը շեղելու բոլոր փորձերը դատապարտված են։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ երրորդ Նախագահ Սերժ Սարգսյանի ներկայացուցիչ, փաստաբան Ամրամ Մակինյանը։
«Անդրադառնալով հատուկ քննչական ծառայության կողմից ՀՀ երրորդ Նախագահ Սերժ Սարգսյանին սպասարկած ինքնաթիռի արտասահման թռիչքների փաստի առթիվ քրեական գործ հարուցելու հարցին՝ անհրաժեշտ եմ համարում նախ և առաջ ընդգծել, որ անձամբ ինձ համար կանխատեսելի էր նույն ծառայության կողմից քննված քրեական գործի` (դիզելի գործ) դատարանում փլուզումը սկսվելու փուլում նախաձեռնել ՀՀ երրորդ Նախագահին «առնչվող» նոր քրեական գործի հարուցում. ինչ խոսք, պատվիրատուի սպասելիքները որևէ ձևով արդարացնել է պետք ...
Ինչ վերաբերում է այս նոր գործի դատարկությանը, ապա այս պահին նշեմ միայն, որ ՀՀ բոլոր նախագահներին, այդ թվում` պաշտոնաթող, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, ի թիվս անվտանգության ապահովման, տրվել են նաև մի շարք սոցիալական երաշխիքներ, որոնց պայմաններում առնվազն տարակուսելի է օրենքով սահմանված երաշխիքներից օգտվելը դիտարկել որպես պաշտոնեական լիազորությունների չարաշահում:
Հաշվի առնելով այս չգործի քննության սկզբնական փուլը` պաշտպանական մարտավարությունից ելնելով, ներկայումս ձեռնպահ եմ մնում առավել մանրամասն մեկնաբանություններից, այս գործի հարուցման հիմքերի սին լինելը կներկայացնեմ հետագայում, սակայն հավաստիացնում եմ, որ ոչ մի շինծու քրեական գործի հարուցումով հնարավոր չի լինելու հասարակության ուշադրությունը շեղել օրհասական վիճակում գտնվող մեր պետության համար անհապաղ լուծում պահանջող անվտանգային, պաշտպանության, առողջապահական և այլ խնդիրներից:
Տեսարաններ ապահովելու հարցում ցանկացած միջոցի դիմելն արդեն իրեն սպառած պրակտիկա է»,- գրել է նա:
Հարակից հրապարակումներ`
- Իոաննիսյանի՝ Բադեն-Բադենի վերաբերյալ հաղորդման հիման վրա քրգործ է հարուցվել
- Սերժ Սարգսյանի փաստաբանն արձագանքում է նրա՝ Բադեն-Բադեն գնալու լուրերին. Ոչինչ անհետևանք չի մնալու