Մոնումենտցի Հսկա Սամվել Խաչատրյանը անմահացավ Մայր Հայաստանը սրտում պահած
Հոկտեմբերի 11-ին, Մոնումենտում՝ Ազատության 12/4 հասցեի բակում բացվեց հուշաքար, նվիրված 44 օրյա պատերազմում նահատակված Սամվել Խաչատրյանին։ Հուշաքարը ունի մի քանի խորհուրդ։ Խաչի և այբուբենի դեմ խոնարհված զինվորը Սամվելի դիմապատկերով էր, սակայն միավորում էր նաև 2000 անմահացած զինվորների, իրենց մասին տեղեկություն տվող QR կոդերով։
Սամվել Գևորգի Խաչատրյանը ծնվել է 1999 թվականի փետրվարի 28-ին՝ Երևանում: Ընտանիքի առաջնեկն էր, ունի մեկ քույր: Սովորել է Երևանի հ.128 միջնակարգ դպրոցում, այնուհետև ուսումը շարունակել Երևանի հ.29 ավագ դպրոցում: Զբաղվել է մարտարվեստով, սակայն սպորտում ավելի հետաքրքրված է եղել բասկետբոլով, այդ իսկ պատճառով 2016 թվականին Սամվելն անվճար ընդունվել է Հայաստանի Ֆիզիկական Կուլտուրայի համալսարանի բասկետբոլի բաժին։ Օգոստոսի 13-ին ավարտելով համալսարանը զորակոչվել է բանակ՝ ՀՀ ՊՆ Մեղրիի զորամաս։
Չնայած նորակոչիկ լինելու հանգամանքին, Սամվել Խաչատրյանն ևս հոկտեմբերի 3-ին մեկնել է Արցախ:
Շուրջ 10 օր նա կռվել է Ջրականի ամենաթեժ դիրքերում և դեռ չտիրապետելով զինվորական որևէ զենքի` նա դարձել էր հրետանային մարտկոցի հեռաչափորդ: Բոլորից գաղտնի պահելով իր տեղն ու գործողությունները, Սամվելը ցուցաբերել է բացարձակ հանգստություն: Զինակից ընկերները պատմում են, որ Սամվելը զինվորներին նաև օգնել է տեղանքի կողմնորոշման, դեղորայքի և բուժօգնության տրամադրման գործում:
Հոկտեմբերի 11-ին, փրկելով ընկերների կյանքը, նա իր վրա է վերցրել ականի բեկորները և զոհվել:
Մեկ տարի անց՝ 2021 թվականի հոկտեմբերի 11-ին, Սամվելը իր բակում համախմբել էր շատ ու շատ հերոների ընտանիքների։ Սամվել Խաչատրյանի մայրը իր հղած ուղերձում ասաց.
«Թող մեր տղաները լինեն վերջինը, թող այլևս ոչ ոք չտեսնի այս արհավիրքը»։
Երկու ամսվա զինծառայող Սամվել Խաչատրյանը 44 օրյա Արցախյան պատերազմում զոհվեց հանուն հայրենիքի պաշտպանության՝ Մայր Հայաստանը սրտում պահած։
Հարակից հրապարակումներ`
- Պատերազմի զոհերին նվիրված հուշաքարերի բացում՝ զորամասում
- Գևորգ Ջավախյան. «Կյանք տվիր կյանքի հանուն»
- Անմահացածներին նվիրված հուշաքար հայրենի դպրոցում