Մինչև ՀՀ-ում անվտանգային համակարգը չվերականգնվի՝ զիջողի դիրքերից ենք հանդես գալու. Տիգրան Աբրահամյան
«Այս պարագայում եթե իշխանության նպատակն է՝ ինտրիգներ ստեղծել, շոուի հնարավորություն ապահովել, ապա մենք նպատակ չունենք մտնելու այդ խաղի մեջ»,- այսօր խորհրդարանում հրավիրված ասուլիսին ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն՝ անդրադառնալով Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնի ընտրության հարցը ՔՊ պատգամավորների կողմից 6 անգամ տապալելու փաստին:
Նա հիշեց, որ ԱԺ ձևավորումից հետո ընդդիմությունն առաջադրել է ԱԺ փոխնախագահ, 3 հանձնաժողովի նախագահներ, 12 փոխնախագահի թեկնածու և խնդիր չի եղել:
Պատասխանելով լրագրողի դիտարկմանը, թե իշխանությունը Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի թեկնածու Արթուր Ղազինյանին մերժում է, քանի որ նա բանակում չի ծառայել՝ պատգամավորը նկատեց, որ պաշտպանության նախարարի 2 տեղակալներից մեկը նախկին ոստիկան է, մյուսը ներկայացնում է ֆինանսական բլոկը, իսկ պատերազմի ժամանակ Գերագույն գլխավոր հրամանատարը նույնպես չէր ծառայել բանակում։
«Հիմա այս հարցերը դրել են չորրորդ պապկայի մեջ ու ասում են՝ պաշտպանության հանձնաժողովի նախագահի տեղակալը բանակում չի ծառայել: Դա դարձնել առաջնային խնդիր, որևէ ձևով ընդունելի չէ, եթե թեկնածուն ունենար խնդիր, որն օրինական առումով հարցեր էր առաջացնում, իհարկե քննարկման առարկա կդառնար ոչ միայն այդ հարթության մեջ»,- հայտարարեց Աբրահամյանը։
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորն անընդունելի համարեց իշխանության մտադրությունը օրենսդրական կարգավորումների ձևով սահմանափակել հանձնաժողովի փոխնախագահի թեկնածուի առաջադրման երկուսից ավելի փորձի դեպքերի համար՝ նկատելով, որ դրանով իշխանությունն օրենսդրական տեսք է փորձում տալ իր ցանկություններին ու քմահաճույքներին։
Տիգրան Աբրահամյանը շեշտեց, որ պատերազմից անցել է 11 ամիս, բայց դեռ հանձնաժողովում ներկայացված չեն ԶՈւ-երի բարեփոխումների հայեցակարգը, արմատական փոփոխությունների չեն ենթարկվել դրա տարբեր բաղադրիչները, այդ թվում՝ մարտական հերթափոխի իրականացումը։
«Այսօր սահմանային տարբեր իրավիճակների քննարկման համատեքստում փոփոխություններ պետք է լինեն, որոնք որևէ ձևով չեն իրականացվում։ Մինչև ՀՀ-ում անվտանգային համակարգը չվերականգնվի, չարդիականացվի, պատշաճ մակարդակի չբերվի, արտաքին քաղաքական բոլոր գործընթացներում Հայաստանը հանդես է գալու զիջողի դիրքերից»,- հայտարարեց Աբրահամյանը:
Հարակից հրապարակումներ`
- Կառավարությունից որևէ նախաձեռնություն ԱԺ չի եկել անվտանգային հարցերի շուրջ.Գեղամ Մանուկյան
- Հոկտեմբերի 15-ին ընդդիմությունը հրավիրել է հանձնաժողովի նիստ ՀՀ հարավ-արևելյան սահմանի խնդրով . Արթուր Ղազինյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան