Հիմանական թիրախն այսօր Իրանն է, մենք այստեղ անգամ խաղացող չենք, այլ խաղադրույք ենք. Տիրան Լոքմագոզյան
«Մենք այնպիսի վիճակում ենք, որ տարածաշրջանում կարող է ամեն ինչ էլ պատահել, հնարավոր է մեծամասշտաբ պատերազմի էլ գնանք, կամ էլ հնարավոր է վիճակը դիվանագիտական ճանապարհով հարթվի»,- «Հայելի» մամուլի ակումբում հայտնեց Միջին արևելյան ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն, թուրքագետ Տիրան Լոքմագոզյանը:
Նա պնդեց, որ մեր տարածաշրջանի գլխավոր խաղացողը ՌԴ-ն է և հանգուցալուծումը պետք է նրա հետ լինի, բայց վերջինս ամենակարող չէ, քանի որ տարածաշրջանում կան նաև ոչ տարածաշրջանային խաղացողներ, որոնց քայլերից էլ է կախված տարածաշրջանային խնդիրների հանգուցալուծումները:
Լոքմագոզյանը գտնում է, որ տարածաշրջանից դուրս հզոր ուժերն էլ ունեն որոշակի ծրագիր, քանի որ սկսել են այս ամենը ինչ-որ բանի հասնելու համար:
«Հիմանական թիրախն այսօր Իրանն է, մենք այստեղ անգամ խաղացող չենք, այլ ավելի շատ խաղադրույք ենք»,- հայտնեց բանախոսը և եկավ այն եզրակացության, որ եթե համաձայնության գան Իրանի հետ, ապա Հայաստանը կփրկվի, հակառակ դեպքում գործընթացները գնում են դեպի պատերազմ, որը չի կարող չազդել ՀՀ-ի վրա:
Ըստ Տիրան Լոքմագոզյանի՝ եթե Իրանում հրդեհ սկսվի, ապա Հայաստանն էլ է վառվելու, քանի որ նրա տարածքը հենց այն խաչմերուկում է, որը բոլորին հետաքրքրում է և բոլորն ուզում են օգտվել դրանից:
Նկատելով, որ Իրանում բախման հավանականությունը մեծ է՝ բանախոսը պնդեց, որ Թեհրանն ու Ռուսաստանն ուզում են այն կանխել, իսկ եթե այն հաջողվի, ապա ժամանակավոր հանգիստ է լինելու, քանի որ Իրանին երբեք հանգիստ չեն թողնի:
Լոքմագոզյանի խոսքով՝ Իրանում ներքին տնտեսական վիճակը վատ է, ինչպես նաև կա ազգային փոքրամասնության խնդիրը: Նա պնդեց, որ Իրանի Ատրպատականը վխտում է թուրքական լրտեսներով և նրանք այնտեղ հակապարսկական տրամադրություններ են թեժացնում:
Անդրադառնալով Հայաստան-Թուրքիա հարաբերություններին՝ թուրքագետը հայտնեց, որ Էրդողանի հայտնած դրական ազդակները վերաբերում են հայկական կողմի զիջման պատրաստակամության մասին և պատահական չէ, որ Թուրքիայի առաջնորդը միանգամից պահանջեց Սյունիքի միջանցքը:
Տիրան Լոքմագոզյանը հիշեցրեց, որ ինքn արդեն 30 տարի է ասում է` եթե թուրքին մի բան զիջեցիր, նա անպայման նոր զիջումներ է պահանջելու, հետևաբար պետք է կանգնեցնել զիջումների շղթան, բայց այն հնարավոր չէ ներկայիս իշխանությունների օրոք, քանի որ նրանք ավելի շատ թշնամու օգտին են աշխատում:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան