2036 թ-ի ամառային օլիմպիական խաղերը կարող են անցկացվել Հնդկաստանում
2036 թվականի ամառային օլիմպիական խաղերը կարող են անցկացվել Հնդկաստանի չորս քաղաքներում: Հնդկաստանի ԱՕԿ-ի նախագահ Նարինդեր Բատրայի խոսքերը մեջբերում է Press Trust of India լրատվական գործակալությունը, գրում է ՀԱՕԿ-ը։
Հայտ ներկայացնելու հարցով բանակցություններ են ընթանում միջազգային օլիմպիական կոմիտեի հետ: Եթե ամեն ինչ բարեհաջող ստացվի, ապա բացման և փակման արարողությունները տեղի կունենան երկրի ամենամեծ՝ «Մոտերա» մարզադաշտում: Այն կառուցվել է 1983 թվականին, մի քանի անգամ վերանորոգվել է և ունի 132 հազար նստելատեղ:
Չինաստանը, Ինդոնեզիան, Իտալիան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան և Իսրայելը (համատեղ հայտ), Կանադան ու Մեքսիկան ևս հետաքրքրված են խաղերի անցկացմամբ: Օլիմպիական մարզահանդեսը հյուրընկալելու ցանկություն ունեն նաև ՌԴ Վլադիվոստոկը, Սանկտ Պետերբուրգը, Կազանը, Դոնի Ռոստովը, Սոչին:
Նշենք, որ միջազգային օլիմպիական կոմիտեն հրաժարվել է խաղերի մայրաքաղաքի ընտրության ավանդական ընթացակարգից: Այժմ առաջնահերթությունը տրվում է անհրաժեշտ ենթակառուցվածք ունեցող քաղաքներին և շրջաններին։