Կոչուբաևի հորդորը՝ Դանիբեկյանին. Խուսափել դատական նիստերն ահնարկի ձգձգելու գործելաոճից
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը ստացել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի դիմումը։ Վերջինը հայտնել է, որ չի կարող մասնակցել դատական նիստին, նաև խնդրել է հրապարակել դիմումն առանց խմբագրական փոփոխությունների։
Դատավոր Դանիբեկյանն ի պատասխան խնդրանքի արձագանքեց՝ դատարանը պարտավոր չէ դատավարության մասնակիցների դիմումները հրապարակել, սահմանված կարգով նրանք պետք է ներկայանան դատական նիստին և ներկայացնեն իրենց դիրքորոշումները։ Դատավորը նաև նշեց, եթե գտնում են, որ դիմումի հրապարակումն էական նշանակություն ունի, ապա թույլ է տալիս Արմեն Գևորգյանին կամ նրա պաշտպանին հրապարակել այն, եթե ցանկություն ունեն։
Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանը հրապարակեց դիմումը։ Կոչուբաևը հիշեցրել էր, որ նախորդ նիստին հայտնել էր՝ երեքշաբթի օրերին նախապես նշանակված դատական նիստեր ունի, առաջարկել էր այս գործով նիստերը տեղափոխել այլ օր, սակայն դատախազական կողմն առարկել է դրան՝ պատճառաբանելով, որ դատախազությունը պլանավորել է իր ռեսուրսները ու ուժերը, դրանք փոփոխել չի կարող։
Միաժամանակ Կոչուբաևն առաջարկել է դատական նիստերը գումարել ամսվա երկրորդ և չորրորդ երեքշաբթիները, որպեսզի հնարավորություն ունենա նիստերին մասնակցել։
«Նախագահող դատավորի կողմից դատական նիստերն այլ օր տեղափոխելուց հրաժարվելու հետևանքով ես զրկված եմ որպես պաշտպան ներգրավվելու հնարավորությունից և շարունակում եմ մնալ որպես ներգրավվելու դիմում ներկայացրած փաստաբան»,-նշել է Կոչուբաևն իր դիմումում։
Նա նաև գրել է, որ դատարանին դիմել է գործի բոլոր նյութերը ձեռք բերելու խնդրանքով, սակայն ստացել է միայն նախաքննության ընթացքում ձեռք բերած նյութերը՝ 46 հատորանոց գործից ընդամենը մի քանի թերթ։ Լուսինե Սահակյանը ցույց տվեց նաև իր սեղանին դրված թղթերի տրցակն ու նշեց, որ ինքն էլ է մասամբ ստացել գործի նյութերը։
«Խնդրում եմ խուսափել դատական նիստերն ահնարկի ձգձգելու գործելաոճից և տրամադրել գործի բոլոր նյութերը»,-Կոչուբաևի դիմումն ընթերցեց Լուսինե Սահակյանը։
Նա նաև մի քանի հարց ուղղեց դատավորին՝ ո՞վ է զատել քրեական գործի նյութերը, ո՞վ է որոշել, որ այդ մի քանի թերթ գրությունը կարևոր է մյուսներից։
Ի պատասխան Աննա Դանիբեկյանը հայտարարեց, որ Ալեքսանդր Կոչուբաևին տրամադրել են քրեական գործի վերաբերելի մասերը, այդ հարցին դատարանն այլևս չի անդրադառնալու։
Նրա խոսքով, եթե պաշտպան Լուսինե Սահակյանն ու փաստաբան Կոչուբաևը մտածել են, որ գործի նյութերը մասամբ են իրենց տրամադրվել, ապա զրկված չէին դատարան գալու և այն պատճենահանելու հնարավորությունից։
Ինչ վերաբերում է դատական նիստերն այլ օր տեղափոխելու վերաբերյալ Կոչուբաևի առաջարկին, ապա Դանիբեկյանն ասաց, այն համաձայնեցված է եղել դատավարության մասնակիցների հետ, շուրջ երկու տարի նիստերն անցկացվել են այդ օրերին, հետևաբար դատարանը նպատակահարմար չի գտնում փոփոխել օրը։ Նա առաջարկեց նոր ներգրավված փաստաբաններին համապատասխանեցնել իրենց աշխատանքային գրաֆիկը նիստերի անցկացման ժամանակացույցին։
Հարակից հրապարակումներ`
- Նյութերին ծանոթանալու համար Արմեն Գևորգյանի պաշտպանին տրամադրվեց մեկ շաբաթ
- Արմեն Գևորգյան. Ես ստիպված ԵԽԽՎ-ին ներկայացրել եմ իրավիճակը, որովհետև սա արդեն ներպետական խնդիր չէ
- Լուսինե Սահակյանը՝ Դանիբեկյանին. Ես հարգում եմ իմ մասնագիտությունը
- Լուսինե Սահակյանը՝ Դանիբեկյանին. Իրականացրեք արդարադատություն
- Սիլվա Համբարձումյանի գործով Լուսինե Սահակյանը ներգրավվեց որպես Արմեն Գևորգյանի շահերի պաշտպան
- Դատավոր Դանիբեկյանը չի թույլատրել Արմեն Գևորգյանին մեկնել Ստրասբուրգ՝ մասնակցելու ԵԽԽՎ լիագումար նիստին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան