Մտքի և հոգու պատասխանատուները. ԵՊՀ Մանկավարժության ամբիոնը 100 տարեկան է
ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ հոբելյանական միջոցառում` նվիրված Երևանի պետական համալսարանի մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի Մանկավարժության ամբիոնի հարյուրամյա հոբելյանին:
«Այսօր լրանում է ԵՊՀ Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի մանկավարժության ամբիոնի հարյուրամյակը, ինչը նշանակում է գիտակրթական արդյունավետ գործունեության երկար ու ձիգ ճանապարհ, ձեռքբերումներ ու հաջողություններ, ստեղծագործ աշխատանք, մեծ նվիրում, երիտասարդ սերունդ կրթելու և որակյալ մասնագետներ պատրաստելու մեծ առաքելություն»,- նիստի ժամանակ ասաց ԵՊՀ Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի տնօրեն, Մանկավարժության ամբիոնի վարիչ, մանկ. գիտ. դոկտեր, պրոֆեսոր Նազիկ Հարությունյանը:
Նրա խոսքով, Մանկավարժության ամբիոնն իր գիտակրթական գործունեության ընթացքում իր առջև դրել է մի մեծ նպատակ՝ պահպանել ավագ գործընկերների ստեղծած արժեքները, զարգացնել ու նոր որակի հասցնել Մանկավարժության ամբիոնի գիտակրթական աշխատանքները՝ նպաստելով նրա վարկանիշի բարձրացմանը, մանկավարժություն գիտության զարգացմանը Հայաստանում:
«Կարող եմ մեծ հպարտությամբ ասել, որ մեր ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմը հավատարիմ է մնացել իր մեծ առաքելությանը՝ մեր երկրի, ժողովրդի համար կրթել, պատրաստել արժանի երիտասարդ սերունդ, իր մեծ ներդրումը բերել մանկավարժություն գիտության զարգացման գործին»,- ասաց Նազիկ Հարությունյանը:
ԵՊՀ Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնը, որի հիմնական ենթակառուցվածքը Մանկավարժության ամբիոնն է, իրականացնում է մասնագիտական գիտակրթական ծրագրեր բակալավրիատում և մագիստրատուրայում. բակալավրիատ՝ «Սոցիալական մանկավարժություն», պատրաստում են սոցիալական մանկավարժներ հանրակրթական դպրոցների համար, մագիստրատուրա՝ «Կրթության կազմակերպում», պատրաստում են վարչական կադրեր հանրակրթության և բարձրագույն կրթության ոլորտների համար, «Դպրոցական մանկավարժություն և մեթոդիկա», պատրաստում են մանկավաժներ հանրակրթական դպրոցների համար:
Կենտրոնում արդեն 3 տարի գործում է միջազգային գիտակրթական գրախոսվող հանդեսը՝ «Կրթությունը 21-րդ դարում»:
Լրագրողների հետ զրույցում Ն. Հարությունյանն ասաց, որ Մանկավարժության ամբոինն իր մեկդարյա գործունեության ընթացքում համագործակցել է հայաստանյան բոլոր բուհերի հետ, այսօր ակտիվ համագործակցում է նաև արտասահմանյան բուհերի հետ, ունեն կնքած միջբուհական պայմանագրեր:
«Սերտորեն համագործակցում ենք Ավստրիայի Գրավի, Լեհաստանի Վարշավայի և Ժեշովի, ՌԴ Մոսկվայի պետական հոգեբանամանկավարժական համալսարանների հետ:
Սա նշանակում է, որ մենք արդյունավետ գործունեություն ենք իրականացնում Հայաստանի սահմաններում, նաև Հայաստանի սահմաններից դուրս»,- ասաց ԵՊՀ Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի տնօրեն, Մանկավարժության ամբիոնի վարիչը:
Նրա գնահատմամբ, բավականի արդյունավետ է եղել իրենց գիտակրթական մեկդարյան գործունեությունը, դրա վառ ապացույցն է այսօր շրջանավարտների՝ իրենց մասնագիտություններով տարբեր աշխատանքը Հայաստանում և դրսում, սերտ համագործակցությունը շրջանավարտների հետ:
Ն. Հարությունյանը հայտնեց, որ իրենց ամբիոնը 2014 թվականից դարձել է Եվրամիության Եվրոպական կրթական հետազոտությունների ասոցիացիայի լիիրավ անդամ, որի կոնգրեսը 2022 թվականի օգոստոսին գալու է Հայաստան:
Տոնական օրով Նազիկ Հարությունյանը չցանկացավ խոսել խնդիրների մասին, բայց առանձնացրեց կադրային ու մասնագիտական գրականության խնդիրները.
«Ունենք կադրային խնդիրներ, հատկապես օտար լեզուները տիրապետող: Ուզում ենք կրթական ծրագրերը օտար լեզվով կազմակերպել նաև արտասահամանցի ուսանողների համար:
Խնդիր է նաև մասնագիտական գրականությունը: Իհարկե, 2017 թվականին մեր ամբիոնի ջանքերով տպագրել ենք սոցիալական մանվարաժության բուհական ձեռնարկը, այսօր հանրապետության բոլոր բուհերն օգտվում են այդ ձեռնարկից: Այսօր մենք կարիք ունենք ընդհանուր մանկավարժության դասագրքի կամ բուհական ձեռնարկի, որի հրատարակումը, կարծում եմ, երևի էլի մեր ամբիոնը նախաձեռնի: Վերջին 5 տարիներին մանկավարաժական հանրագիտարանի 3 հատոր ենք տպագրել, տպագրել ենք նաև Հայաստանում առաջին անգամ մանկավարժական բառարանը»:
Հարցին՝ մանկավարժությունը որպես մասնագիտություն արդյո՞ք պահանջված է, Ն. Հարությունյանը հետաքրքիր պատասխան տվեց. «Մանկավարժությունը չափազանց պահանջված գիտություն է աշխարհում, նույնիսկ սրբացված: Մանկավարժը, մանկավարժությունն ամենահումանիստական մասնագիտություններից մեկն է աշխարհում: Բժիշկը պատասխանատու է մարդու առողջության համար, մանկավարժը պատասխանատու է մտքի և հոգու: Մարդը եռամիասնական է՝ մարմին, միտք և հոգի, պետք է առողջ լինի և մարմինը, և հոգին, և միտքը»:
Հոբելյանական նիստի ժամանակ հնչեցին շնորհավորական ուղերձներ հայաստանյան և արտասահմանյան բուհերի գործընկերից:
ԵՊՀ պրոռեկտոր Էլինա Ասրյանը նշեց, որ Մանկավարժության ամբիոնը գրեթե ԵՊՀ տարեկիցն է, հիմնադրվել է 1921 թվականի հոկտեմբերի 10-ին:
«Այդ նույն օրը տարիներ անց ծնվել է Նազիկ Հարությունյանը, ով ապագայում դարձավ կենտրոնի տնօրեն»,- ասաց տիկին Ասրյանը:
Նրա ներկայացմամբ, 100 տարիների ընթացքում ամբիոնը կարողացել է ձևավորել մի շարք կրթական ավանդույթներ, որդեգրել ինովացիոն մոտեցումներ:
«Ամբիոնը շատ հաճախ մեզ համար դարձել է ինովացիոն մի հարթակ, որտեղ մենք փորձարկում էինք տարբեր մոտեցումներ, այնուհետև իմպլիմենտացիայի ենթարկում դրանք»,- նշեց նա:
Խոսելով մանկավարժի անգնահատելի դերի մասին՝ Է. Ասրյանն ասաց. «Բավական է միայն ասել, որ վաղ մանկության փուլում սոցիալիզացիայի ընթացքում երեխայի նույնականացումը կառուցվում է հետևյալ բանաձևի շուրջ՝ ես այն եմ, ինչ կարող եմ: Արդեն դպրոցական տարիքում երեխայի նույնականացումը կառուցվում է այլ բանաձևի շուրջ՝ ես այն եմ, ինչ ես գիտեմ: Այստեղ յուրաքաչյուրիս դերը որպես մանկավարժի, հսկայական է, քանի որ անձի, լավ անձի կայացման գործընթացում մանկավարժի դերը պարզապես անհնար է չնկատել և չտեսնել»:
Շնորհավորական իր խոսքում ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը հիշեց Ուինսթոն Չերչիլի խոսքը՝ «դպրոցի ուսուցիչներն ունեն այնքան իշխանություն, ինչքանի մասին վարչապետերը կերազեին»:
«Այս խոսքերի ճշմարտացիությունն առավել քան ապացուցված է բոլոր դարերի ու բոլոր սերունդների համար, քանի որ ուսուցիչն աշխատում է այն պատասախանատու ոլորտում, որտեղ ձևավորվում է անհատը, իսկ մեր Մանկավարժության ամբոինը արդեն 100 տարի ձևավորում է ուսուցիչներ: Կարծում եմ՝ այս իշխանությունը պետք է օգտագործել ի բարօրություն մեր երկրի ու մեր պետականության»:
Մանկավարժության ամբիոնի անցած ուղու բացառիկ ամփոփում է «Մանկավարժության ամբիոնի 100-ամյա անցած ուղին» գիրքը, որի նկարազարդ էջերում 100-ամյա ամբիոնի վաստակաշատ գործունեությունն է: Հանդիսավոր նիստի ընթացքում ներկայացվեց նաև փաստավավերագրական ֆիլմ ամբիոնի 100-ամյա անցած ուղում մասին:
Միջոցառման ժամանակ Մանկավարժության ամբիոնի դասախոսները պարգևատրվեցին համալսարանի արծաթե և բրոնզե մեդալներով, պատվագերերով:
ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանն ասաց, որ շատ բարդ է եղել Նազիկ Հարությունյանի համար պարգև ընտրելը, քանի նա համարյա ամեն ինչ ունի՝ նախարարության ոսկե մեդալ, ԵՊՀ բոլոր մեդալները, բոլոր պատվոգրերն ու շնորհակալագրերը:
«Ռեկտորատում որոշեցինք յուրահատուկ նվեր անել տիկին Հարությունյանին և նրան նվիրել Արցախից բերված արևագորգ»,- ասաց Հովհաննես Հովհաննիսյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան