Կիմ Չենը քննադատել է ԱՄՆ-ին և Հարավային Կորեային ապակայունացնող գործողությունների համար
ԿԺԴՀ-ն կշարունակի հզորացնել իր ինքնապաշտպանական ներուժը թշնամական ուժերին դիմագրավելու համար: Այս մասին հայտարարել է երկրի ղեկավար Կիմ Չեն Ընը՝ ելույթ ունենալով պատպանական սարքավորումների ցուցադրության ժամանակ, գրում է «ՏԱՍՍ» գործակալությունը, վկայակոչելով հյուսիսկորեական կենտրոնական հեռագրական գործակալությանը։
«Մեր թշնամին հենց պատերազմն է, այլ ոչ թե որևէ երկիր կամ ուժ, ինչպիսիք են Հարավային Կորեան կամ ԱՄՆ-ն: Սակայն մեր խաղաղ ջանքերը ոչ մի դեպքում չեն նշանակում, որ մենք հրաժարվում ենք ինքնապաշտպանության իրավունքից»,- ընդգծել է Կիմ Չեն Ընը:
Միևնույն ժամանակ նա քննադատել է Սեուլին և Վաշինգտոնին համատեղ զորավարժություններ անցկացնելու և նոր սպառազինություն մշակելու համար:
«Միացյալ Նահանգները հաճախ է խոսում այն մասին, որ թշնամական մտադրություններ չունեն մեր երկրի նկատմամբ, սակայն Վաշինգտոնի պահվածքը հակասում է այդ խոսքերին»,- հավելել է Կիմ Չեն Ընը:
Վերջինս ընդգծել է, որ Փհենյանը կպատասխանի «վճռական գործողություններով», եթե Հարավային Կորեան շարունակի «ոտնձգություններ թույլ տալ ինքնապաշտպանության իր իրավունքի նկատմամբ»: