Որոշակի փոփոխություններով «Սպարտակ» բալետը կրկին բեմում է
Հոկտեմբերի 13-ին, 15-ին և 16-ին՝ ժամը 19:00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կներկայացվի Ա. Խաչատրյանի «Սպարտակ» բալետը, որը երկարատև դադարից հետո վերականգնվել է և դարձյալ թատրոնի խաղացանկում է: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։
Հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանն անդրադարձել է «Սպարտակ» բալետային ներկայացումը խաղացանկ վերադարձնելու նախապատմությանը՝ տեղեկացնելով, որ տարեսկզբին՝ հետպատերազմական շրջանում, իր կողմից հրավիրվել էր Գեղարվեստական խորհրդի նիստ, որտեղ քննարկվել էր Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի առաջիկա ծրագրերը: Քննարկման արդյունքում Գեղարվեստական խորհրդի կողմից որոշում է կայացվել վերականգնել «Սպարտակ» բալետը, որը երկու կարևոր նպատակ է հետապնդում:
«Նախ «Սպարտակը» այն բացառիկ ներկայացումն է, որը կարող է համախմբել ամբողջ թատերախումբը՝ միանգամից փորձերի և ներկայացումների արդյունքում աշխատանքային լիարժեք մարզավիճակի բերել ստեղծագործական խմբին: Երկրորդը՝ հետպատերազմական վիճակում մենք կարիք ունենք այնպիսի գեղարվեստական և մշակութային միջոցառումների իրականացման, որոնք կոչված են վերականգնելու բարոյահոգեբանական մթնոլորտը՝ վերադարձնելու հերոսական զգացմունքներն ու հաղթական ապրումները: Եվ այս տեսակետից ավելի մեծ ստեղծագործություն, քան «Սպարտակն» է, դժվար է պատկերացնել: Ըստ էության, այս երկու նպատակների տեսակետից «Սպարտակի» վերականգնումն ուղղակի գալիս է լուծելու լրջագույն այս երկու խնդիրները՝ հանրության բարոյահոգեբանական վիճակի կարգավորում և ստեղծագործական խմբի աշխատանքային մարզավիճակի վերականգնում»,- նշել է Արա Խզմալյանը:
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի տեղակալ Հրաչ Գրիգորյանը տեղեկացրել է, որ «Սպարտակ» ներկայացումը վերականգնվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ:
«2009 թվականի Յուրի Գրիգորովիչի բեմադրության մեջ որոշակի փոփոխություններ են կատարվել: Գրիգորովիչի կողմից Հայաստան են գործուղվել փորձավարներ, տեխնիկական խմբեր, որոնք իրականացնում են լուսային տեխնիկայի, բեմի, դեկորացիայի տեղադրման աշխատանքներ»,- նշել է թատրոնի տնօրենի տեղակալը:
Տեղեկացնենք, որ ներկայացման երաժշտական ղեկավար և դիրիժորն է Կարեն Դուրգարյանը: Բեմադրող բալետմայստեր՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Յուրի Գրիգորովիչը: Նկարիչ՝ ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ Սիմոն Վիրսալաձե: Գլխավոր դերերում հանդես կգան Հայաստանի օպերայի և բալետի առաջատար մենակատարները:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները