«Ժողովուրդ». Դավիթ Տոնոյանի լռությունը կապված է Նիկոլ Փաշինյանի անձի հետ
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի շուրջ տեղի ունեցող քրեական գործընթացներից: Մասնավորապես, մեզ հայտնի դարձավ՝ ինչու ցուցմունք չի տալիս նախկին նախարարը: Բանն այն է, որ երեկ նախկին նախարարի փաստաբանական խումբը հայտարարություն էր տարածել՝ նշելով, թե. «Պարոն Տոնոյանն առաջադրված մեղադրանքը չի ընդունում և որևէ պարագայում չի ընդունի, քանի որ իրեն մեղադրում են մի արարքի կատարման մեջ, որը նա չի կատարել:
ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնից ազատվելուց հետո պարոն Տոնոյանը ձեռնպահ է մնացել մեկնաբանություններից՝ հաշվի առնելով պետական գաղտնիքը, ՀՀ ազգային անվտանգության և միջպետական հարաբերությունների շահերը: Այսօր ևս պարոն Տոնոյանն այդ շահերը վեր է դասում սեփական շահերից և տիրապետելով տեղեկատվության մեծ ծավալի՝ այն չի օգտագործում հանրային տիրույթում սեփական պաշտպանության համար»:
Ապա փաստաբանական թիմը հավելել է. «Պարոն Տոնոյանը վստահ է, որ հատուկ մասնագիտական գիտելիքներ ունեցող անձանց կողմից կատարված փորձաքննության արդյունքները փաստարկված և անաչառ պատասխաններ կտան ՀՀ զինված ուժերի համար «անորակ» և «տեխնիկական նորմերին չհամապատասխանող» զենք-զինամթերքի մասին պնդումներին: Պարոն Տոնոյանը պայքարելու է՝ հանուն արդարության, իր անմեղության և բարի համբավի վերականգման համար»:
Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ պաշտպանության նախկին նախարարի լռությունը կապված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անձի հետ: Բանն այն է, որ Տոնոյանն իր մտերմիկ շրջապատում ասել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղյակ է եղել այն ողջ գործընթացից, ինչի մեջ մեղադրում են իրեն: Իսկ վերջինս մեղադրվում է շուրջ 4.7 մլն դոլար հափշտակելու և կեղծիքներ, հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար։ Նույն գործով մեղադրյալ է նաև բանակին զինամթերք մատակարարած ընկերության տնօրեն Պատրոն Դավո մականունով հայտնի Դավիթ Գալստյանը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան