Արվախում Քովիդի դեմ պայքարը խստացվում է. որոշումն ուժի մեջ է մտնում հոկտեմբերի 13-ից
ԱՀ պետնախարար Արտակ Բեգլարյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․
«Հաշվի առնելով վերջին օրերին ՔՈՎԻԴ-19-ի դեպքերի արագ աճը Արցախում և հանրային առողջության հանդեպ ձևավորված զգալի ռիսկերը՝ առողջապահության համակարգի պատասխանատուների կողմից առաջարկվել է կառավարությանը որոշակի ժամանակավոր սահմանափակումներ մտցնել, որպեսզի հնարավոր լինի ժամանակին ու արդյունավետորեն կանխել հետագա վտանգավոր զարգացումները:
Ուստի, այսօր հաստատվել է ԱՀ կառավարության որոշում «Արցախի Հանրապետության տարածքում բնակչության բնակեցման և տնտեսական գործունեության վարման ապահովմանն ուղղված վարակիչ հիվանդությունների տարածումը կանխելու և վերացնելու հատուկ պայմանները և ռեժիմը սահմանելու մասին»: Որոշումն ուժի մեջ է մտնում վաղվանից՝ հոկտեմբերի 13-ից: Որոշման ամբողջական տարբերակը կհրապարակվի arlexis.am կայքում, սակայն կուզեի հակիրճ մեջբերել հետևյալ դրույթները՝
1) Հանրակրթական հաստատություններում աշնանային արձակուրդները սկսել ս.թ. հոկտեմբերի 18-ին ոչ միայն տարրական, այլ նաև միջին ու ավագ դասարանցիների համար՝ հոկտեմբերի 25-ի փոխարեն, որը կտևի մինչև նոյեմբերի 1-ը:
2) բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսուցումն անցկացվում է հեռավար.
3) Արգելվում է սպասարկման գրասենյակներ հաճախորդների մուտքն առանց դիմակների.
4) Մուտքի մոտ ապահովվում են առնվազն 70% սպիրտ պարունակող ախտահանիչ նյութերով տարաներ՝ յուրաքանչյուր մտնող անձի ձեռքերի պարտադիր ախտահանման համար.
5) Զանգվածայի միջոցառումներն անցկացվում են անհատական պաշտպանության միջոցների կիրառմամբ, սանիտարահամաճարակային անվտանգության կանոնների պահպանմամբ.
6) Փակ տարածքներում միջոցառումներն անցկացվում են առավելագույնը 120 հոգու մասնակցությամբ.
7) Փակ տարածքներում դիմակ կրելը պարտադիր է բոլորի համար, բացառությամբ՝
- երեխաների` 0-10 տարեկանը ներառյալ.
- բնակության վայրում (բնակելի տանը, բնակարանում).
- Արցախի Հանրապետության նախագահի, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Արցախի
Թեմի առաջնորդի, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի, Արցախի Հանրապետության պետական նախարարի, Արցախի Հանրապետության Գերագույն դատարանի նախագահի, Բարձրագույն դատական խորհրդի նախագահի գլխավորությամբ անցկացվող արարողակարգային միջոցառումների ժամանակ ելույթ և ուղերձ ունեցողների և միջոցառման անմիջական մասնակիցների (բացառությամբ` լրագրողների և սպասարկող անձնակազմի).
- անձնական ավտոտրանսպորտային միջոցներով երթևեկողների (բացի ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնելիս).
- հեռուստահաղորդումների հեռարձակման ժամանակ սուրդոթարգմանություն իրականացնողների.
- լսողության և խոսքի տարբեր աստիճանի խանգարումներ ունեցողների (որոնք շրթունքների շարժումներին հետևելով են ընկալում խոսքը) և նրանց հետ աշխատողների,
- ծխելու, խմելու և սնվելու ժամանակ.
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից հաստատված սանիտարական կանոններով սահմանված այլ դեպքերի.
- հեռուստահաղորդավարների` հեռուստահաղորդումների և հեռուստածրագրերի հեռարձակման ժամանակ հեռուստատեսային տաղավարում միայնակ գտնվելիս.
-հոգեկան խանգարումներ և վարքի խանգարումներ ունեցող անձանց.
- կոգնիտիվ խանգարումներ ունեցող անձանց.
- դեմքի վնասվածք ունեցող կամ բերանի շրջանում դիմածնոտային միջամտության ենթարկված անձանց:
Մի շարք այլ դրույթներ ու սահմանափակումներ էլ են առկա որոշման մեջ, որոնք միտված են պահպանելու բոլորիս առողջությունը: Այնուամենայնիվ, կուզեի շեշտադրել, որ յուրաքանչյուրի առողջությունը կախված է առաջին հերթին իրենից, և բոլորս պետք է պատշաճ մակարդակի զգոնություն ցուցաբերենք՝ հատկապես հանուն մեր խոցելի առողջությամբ հարազատների կյանքի: Իսկ ամենակարևորը՝ չպետք է անտեսել պատվաստման նշանակությունը, քանի որ այն համարվում է ամենաարդյունավետ կանխարգելիչ միջոցը:
Ուստի, հորդորում եմ բոլորին ներկայանալ բուժհաստատություններ և պատվաստվել:
Առողջություն ու զգոնություն բոլորիս»։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան