ՀՀ քաղաքական շրջանակներին խնդրում ենք լինեն ավելի ակտիվ թշնամուն արձագանքելու հարցում. Հադրութցի կին գործիչ
«Մենք անվերջ ասելիք ենք ունենում, բայց արտահատվելու հարթակ միշտ չէ, որ հաջողվում է ունենալ»,-«Տեղահանված ու բռնագրավված Հադրութ.մեկ տարի անց. հիմնահարցեր և մարտահրավերներ» խորագրով քննարկման ժամանակ շեշտեց «Հանուն Հադրութի դեօկուպացիայի» ՀԿ-ի նախագահ Մերի Դավթյանը:
Նա հայտնեց, որ տխուր է գիտակցել, որ անցած մեկ տարվա ընթացքում դեռևս չեն մշակվել պայքարի ուղղությունները, կամ չի ձևավորվել օրակարագ, թե ի՞նչ առաջնահերթությամբ են առաջ շարժվելու Հադրութը, Շուշին և մյուս բնակավայրերը դեօկուպացնելու համար:
Դավթյանի խոսքով՝ հասարակական հարթության վրա պայքարի հարցում հադրութցիներն այնքան ակտիվ են, որ մի քանի հասարակական կազմակերպություններ են ձևավորել, բայց այդ ամենը չի նկատվում ՀՀ քաղաքական դաշտում:
«Տպավորությունն այնպիսին է, որ Հայաստանյան քաղաքական մարտահրավերներն այնքան շատ են ու արագ փոփոխվող, որ Արցախի հարցն արդեն երկրորդ պլան է մղվել, ինչը շատ տխուր է»,-նկատեց «Հանուն Հադրութի դեօկուպացիայի» ՀԿ-ի նախագահը և հավելեց, որ դրանից օգտվում են թշնամիները, իսկ Հադրութից և Շուշիից հնչող Ալիևի հոխորտանքները մնում են անարձագանք:
Նա խնդրեց, որ ՀՀ քաղաքական շրջանակներն լինեն ավելի ակտիվ թշնամուն արձագանքելու հարցում:
Նա նշեց, որ Արցախը միշտ է իր ձայնը Հայաստանի միջոցով բարձրացրել, չնայած ունեցել է հնարավորություն առանձին ներկայանալ եվրոպական կառույցներում և ԱՄՆ Սենատում, բայց այսօր արդեն այդ հնարավորությունը չունենալով՝ ապավինում են ՀՀ քաղաքական դաշտի ներկայացուցիչներին և պատգամավորներին:
Մերի Դավթյանի խոսքով՝ իրենք ՀՀ քաղաքական շրջանակներից սպասում են, որ խորհուրդ տան, թե ի՞նչ ճանապարհով պետք է գնալ ու աշխատել և դրա համար առաջարկեց հաճախ հանդիպել:
«Վերջերս ԵԽԽՎ-ում բանաձև ընդունվեց Արցախի վերաբերյալ, բայց նույնիսկ զեկուցողը չի այցելում Արցախ, այլ ՀՀ-ի միջոցով է մեր ասելիքը հասնում նրան»,-նկատեց հադրութցի կին գործիչը:
«Ավագ գործընկերոջ կարգավիճակով Արցախի խորհրդարանականներին հուշեք, թե ինչ անեն, քանի որ օգնության կարիք ունեն, մասնավորապես՝ անընդհատ խոսում են դեօկուպացիայի օրենք ընդունելու մասին, բայց դանդաղում են, քանի որ ճանապարհները լավ չգիտեն»,-ասաց Մերի Դավթյանը և հորդորեց նաև հստակեցնել իրենց կարգավիճակը, քանի որ մեկ տարի է անցել, բայց իրենք դեռ չգիտեն, թե փախստական են, ներքին տեղահանված, թե այլ կարգավիճակով:
Հարակից հրապարակումներ`
- Ներկա իշխանության ամբողջ գործունեությունը նպաստել է, թե՛ պատերազմի սկսելուն, թե՛ նրա նման ելքին. Լարիսա Ալավերդյան
- Մոսկվայում միայն ամրագրվեց, թե Փաշինյանի հայրանունը ռուսերենով ինչպես պետք է արտաբերվի. Գեղամ Մանուկյան
- Սեպտեմբեր-դեկտեմբերին բռնագաղթածներին կհատկացվի 25 հազարական դրամ աջակցություն. փոխնախարար
- Արցախում ՌԴ խաղաղապահների գտնվելն էլ հեռանկարային առումով անորոշության մեջ է. Սեյրան Օհանյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին