Մոհամմադ Ջաֆար Մոնթազերի. Իրանը թույլ չի տա, որ երկրի սահմանների երկայնքով տեղակայվեն պատերազմ հրահրող ուժեր
«Իրանը հարևանների հետ հարաբերություններում առաջնորդվում է բարիդրացիության քաղաքականությամբ, միևնույն ժամանակ երբեք թույլ չեն տա, որպեսզի երկրի սահմանների երկայնքով տեղակայվեն ահաբեկիչներ և պատերազմ հրահրող ուժեր»,-այս մասին ասել է Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր դատախազ Մոհամմադ Ջաֆար Մոնթազերին Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը։
Հայաստանի կառավարության փոխանցմամբ, ԻԻՀ գլխավոր դատախազը հավելել է, որ իր երկիրն առանձնակի կարևորում է Հայաստանի հետ բոլոր ոլորտներում համագործակցության զարգացումն ու ընդլայնումը:
Նա շեշտել է, որ երկու երկրների միջև առկա բազմադարյա, բարիդրացիական ու բարեկամական հարաբերությունները լավ հիմք են՝ համատեղ դիմագրավելու տարածաշրջանում առկա մարտահրավերներին և գտնելու անհրաժեշտ լուծումներ՝ իրացնելով նաև գոյություն ունեցող մեծ ներուժը:
«Մենք շահագրգիռ ենք Հայաստանի հետ կապերի զարգացմամբ՝ ի շահ մեր երկրների»,- նշել է Մոհամմադ Ջաֆար Մոնթազերին:
Նիկոլ Փաշինյանն ավելացրել է, որ մեծ տպավորություններ ունի նախագահ Ռայիսիի հետ հանդիպումներից և նշել, որ վերջինիս այն ընդգծումը, ըստ որի՝ Հայաստանի ու Իրանի նոր կառավարությունները միաժամանակ են սկսել գործունեությունը՝ ընկալվում է որպես երկու պետությունների հարաբերություններում նոր էջ բացելու ուղերձ:
Նա մարտահրավերներին դիմագրավելու առումով կարևորել է նաև Հայաստանի ու Իրանի միջև տնտեսության ոլորտում համագործակցությանը նոր ազդակ հաղորդելը, մասնավորապես, գազ էլեկտրաէներգիայի դիմաց համաձայնագրի երկարաձգումը, 3-րդ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի շինարարության ավարտին հասցնելը, Մեղրիի ՀԷԿ-ի ծրագրի իրականացումը, Մեղրիի ազատ տնտեսական գոտու ներուժի լիարժեք իրացումը:
Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան