ՅՈՒՆԵՍԿՕ-ի տեխնիկական առաքելություն ուղարկելու հետ կապված քննարկումները դեռ շարունակվում են. Արման Խաչատրյան
«Պատերազմի ընթացքում մեր խնդիրն էր՝ ապահովել միջազգային հանրային ճնշում, որպեսզի կարողանայինք կանխել պատմամշակութային ժառանգության հնարավոր վանդալիզմի դեպքերը, դատապարտել այն դեպքերը, որոնց ականատես դարձանք»,- ՀՀ ԱԺ-ում «Արցախի Հանրապետության՝ ադրբեջանական վերահսկողության տակ հայտնված շրջաններում հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգության պահպանություն» թեմայով կազմակերպված աշխատանքային քննարկմանն ասաց ԱԳՆ Բազմակողմ քաղաքականության և զարգացման համագործակցության վարչության պետ Արման Խաչատրյանը։
Նա նշեց, որ հոկտեմբերի 8-ին Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու կրկնակի հրթիռակոծությունն ապացուցել է իրենց մտահոգությունները, որևէ կասկածի տեղիք չկար, որ Ադրբեջանի մտադրությունն է պայքարել ամեն հայկական հետքի դեմ Արցախում և շրջակա տարածքներում։
Ա. Խաչատրյանի խոսքով, հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ դիվանագիտական գործիքակազմի բոլոր հնարավոր միջոցները կիրառվել և կիրառվում են՝ նամակագրություն, երկկողմ հանդիպումներ բարձրագույն մակադակով։
«Հայկական կողմի պահանջով անցած նոյեմբերին ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը հանդես եկավ առաջարկով՝ տեխնիկական առաքելություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ և շրջակա տարածքները, սակայն ադրբեջանական կողմը ապակառուցողական դիրքորոշում էր դրսևորել, չէր ցանկանում ընդունել առաքելությունը, ինչը բերեց նրան, որ առաջին անգամ ՅՈՒՆԵՍԿՕ-ն միակողմանի դատապարտեց Ադրբեջանին»,- նշեց ԱԳՆ պաշտոնյան։
Ա. Խաչատրյանն ընդգծեց՝ հարցի շուրջ կա միջազգային հանրային կոնսենսուս. «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները, տարածաշրջանում հետաքրքրված բոլոր երկրները, բացի Ադրբեջանից, այն կարծիքին են, որ պետք է ուղարկվի տեխնիկական առաքելություն, նպատակը լինի ինվենտարիզացիան։
Ադրբեջանը շարունակաբար քաղաքականացնում է բոլոր հումանիտար խնդիրները, փորձում է սակարկությունների վերածել, բայց միջազգային հանրության, միջազգային կազմակերպությունների պահանջը թե գերիների, թե պատմամշակութային ժառանագության, թե այլ հումանիտար հարցերով, պետք է լուծվեն ապաքաղաքական, հնարավորինս արագ մեթոդներով»։
Նա հայտնեց, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի տեխնիկական առաքելություն ուղարկելու հետ կապված քննարկումները դեռ շարունակվում են։
«Ադրբեջանը մշակութային հանցագործությունը թաքնելու համար է խոչընդոտում ստեղծում»,- ասաց Ա. Խաչատրյանը։
Նա նշեց, որ իրենք ՅՈՒՆԵՍԿՕ-ով չեն սահմանափակվում, թեև կարևորագույն օղակն է, կան այլ միջկառավարական, ոչ կառավարական կազմակերպություններ։
«Ադրբեջանի մոտեցումը հայկական պատմամշակութային ժառանգությանը երկակի է՝ ֆիզիկական ոչնչացում, երբ պայթեցնում, քանդում են, մյուսը ինքնության խեղաթյուրումն է, երբ փորձում են հայկական եկեղեցիները ներկայացնել աղվանական, ինչը միջանկյալ քայլ է հետո ադրբեջանականացնելու համար»,- ասաց Ա. Խաչատրյանը։
Նա նշեց, որ այդ ուղղությամբ բավականաչափ աշխատանք տարվում է, գործընթացում ակտիվորեն ներգրաված է նաև Հայ Առաքելական եկեղեցին։
«ՅՈՒՆԵՍԿՕ-ում և մի շարք այլ կազմակերպություններում առաջ ենք քաշել զինված հակամարտությունների շրջանակներում մոնիտորինգային մեխանիզմների ուժեղացման խնդիրը»,- ասաց ԱԳՆ Բազմակողմ քաղաքականության և զարգացման համագործակցության վարչության պետ Արման Խաչատրյանը։
Հարակից հրապարակումներ`
- Մոտ 2000 օկուպացված հուշարձան կա. Արցախի ԿԳՄ նախարար
- Ինչո՞ւ մենք չկարողացանք հասցնել դատարկել Շուշիի ու մնացած բնակավայրերի թանգարանները. Թագուհի Թովմասյան
- Ի՞նչ մեխանիզմներով եք հակազդում Ադրբեջանի՝ հայկական հուշարձանները ոչնչացնելու քաղաքականությանը. Լիլիթ Գալստյանը՝ կառավարությանը
- ՌԴ խաղաղապահները Արցախում վերականգնում են Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ զոհվածների հուշարձանները
- Մեծապես վտանգված են մեր սրբավայրերը, պատմամշակութային հուշարձանները. Տեր Արշակ եպիսկոպոս Խաչատրյան
- «Ալիևը, շարունակելով Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը, հող է ստեղծում հայ հոգևոր-մշակութային հուշարձանների յուրացման համար»
- ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողով․ Ադրբեջանն հայկական հուշարձանները ոչնչացնում է ԴԱԵՇ-ի ոճով
- Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողով. Պաշտպանել Արցախում քրիստոնեական հուշարձանները
- ՀՀ ԱԳՆ․ Հրատապ է ՅՈՒՆԵՍԿՕ-ի շտապ միջամտությունը՝ դեռևս չավերված հուշարձանների փրկության նպատակով
- Դեսպան. Ադրբեջանի բռնապետն անձամբ է հրահագնել Արցախի հուշարձանների վրայից ջնջել հայկական գրությունները
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին