Թունիսում նախատեսված Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը մեկ տարով հետաձգվում է
Հոկտեմբերի 12-ին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության մշտական խորհրդի նիստում 88 անդամ և ասոցիացված պետությունների ներկայացուցիչները համաձայնել են հետաձգել Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը մեկ տարով՝ 2022 թ. աշուն, որը պետք է կայանար Ջերբայում հաջորդ ամիս։ Այս մասին գրում է France-24-ը։
«Հանուն համախմբվածության և համերաշխության, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (OIF) պետությունները համաձայնել են առաջարկել մեկ տարով հետաձգել Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը, որը պետք է տեղի ունենար նոյեմբերին Ջերբայում, Թունիսում։ Նրանք հասան կոնսենսուսի՝ Ֆրանկոֆոնիայի 18-րդ գագաթնաժողովը մեկ տարով հետաձգելու անհրաժեշտության վերաբերյալ, որպեսզի Թունիսը հնարավորություն ունենա կազմակերպել այս կարևոր միջոցառումը ամենաօպտիմալ պայմաններում», - ասվում է OIF-ի մամուլի հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ այս առաջարկն արագորեն հաստատելու համար՝ Ֆրանկոֆոնիայի մշտական խորհրդի անդամները խորհուրդ են տալիս հնարավորինս շուտ անցկացնել Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի արտահերթ նիստ»:
Այս որոշումը, որը, ըստ երևույթին, կապված է Թունիսում քաղաքական իրավիճակի հետ, կայացվեց երկու շաբաթ անց այն բանից հետո, երբ գլխավոր քարտուղարը խորհրդակցություններ անցկացրեց Թունիսի իշխանությունների և Ֆրանկոֆոնիայի մյուս անդամ երկրների հետ Ջերբայում՝ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի անցկացման վերաբերյալ:
Երկուշաբթի օրվանից Թունիսը նոր կառավարություն ունի․ նախագահ Կաիս Սաիեդի կողմից նախորդ կառավարության լուծարումից տասնմեկ շաբաթ անց։
Նշենք, որ ներկայումս Ֆրանկոֆոնիայի նախագահությունն իրականացնում է Հայաստանը։ Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովը տեղի ունեցավ Հայաստանում՝ 2018թ․-ին։ Օրերս Հայաստանում էր Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոն։
Հարակից հրապարակումներ`
- Լուիզ Մուշիկիվաբո․ Ֆրանկոֆոնիայի կազմակերպությունը շատ զգայուն է Հայաստանի քաղաքական խնդիրների հանդեպ
- Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղար․ Ֆրանսերենը՝ երիտասարդներին աշխատանք գտնելու ու աշխարհը հասկանալու հնարավորություն
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները