Հունվար-սեպտեմբերին պետական բյուջե է հավաքագրվել 1 տրիլիոն 137 մլրդ դրամ. Ռուստամ Բադասյան
«Ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում պետական բյուջե է հավաքագրվել 1 տրիլիոն 137 մլրդ դրամ գումար»,- այսօր կառավարության շենքում կազմակերպած ճեպազրույցի ժամանակ հայտնեց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը:
Նրա տեղեկացմամբ՝ 2020թ. նույն ժամանակաշրջանում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից ապահովվել է 1 տրիլիոն 16 մլրդ դրամ դրամ, իսկ 2019թ․-ին՝ 1 տրիլիոն 79 մլրդ դրամ:
ՊԵԿ նախագահը նշեց, որ համեմատությունը կատարվել է 2019թ․ հետ՝ հաշվի առնելով, որ 2019 թվականը բոլոր ցուցանիշների, այդ թվում՝ պետական եկամուտների առումով ռեկորդային տարի է եղել:
«Այս տարվա ցուցանիշը՝ 1 տրիլիոն 137 մլրդ դրամը, ռեկորդ է՝ 9 ամիսների հաշվարկմամբ։ Այսինքն` պետական բյուջեի եկամուտները 9 ամսվա հաշվարկով երբեք այսքան չեն եղել»,- ընդգծեց ՊԵԿ նախագահը։
Ռուստամ Բադասյանը տեղեկացրեց, որ 2021 թվականի օգոստոսի տվյալներով` եկամուտ (հարկման բազա) ապահոված աշխատատեղերի թվաքանակը կազմել է 642 292։ Միաժամանակ, աճել է նաև աշխատատեղերի գծով հայտարարագրված եկամուտը (հարկման բազան)` կազմելով շուրջ 139․1 մլրդ դրամ: Իսկ մեկ աշխատատեղին բաժին ընկնող եկամուտը (հարկման բազան) կազմել է 216 հազար 665 դրամ:
«2019 թվականի 9 ամիսների համեմատ 2021թ․ նույն ժամանակահատվածում աճել է ՀԴՄ կտրոններով և հաշվարկային այլ փաստաթղթերով կատարված գործարքների քանակը (աճը՝ 24%) և դրանցով արձանագրված գումարը (աճը` 24.8 %)»,- ասաց Բադասյանը։
Մեր կողմից ավելացնենք, որ նման ցուցանիշներն ապահովվել են ոչ թե տնտեսության աճի արդյունքում, այլ ավելացված արժեքի հարկի մուտքերի և նախորդ տարվանից այս տարի փոխանցված շահութահարկի գումարների շնորհիվ: Ավելացված արժեքի հարկի աճը հիմնականում պայմանավորված է ապրանքների թանկացմամբ, հետևաբար՝ բյուջեի մուտքերի աճն հիմնականում ապահովվել է գնաճի շնորհիվ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում