Փորձագետ. Արկտիկայում սառույցի հալվելը մեծացնում է քաղաքական և ռազմական ռիսկերը
Արկտիկայի կլիմայի փոփոխությունը մեծացնում է մրցակցությունն այս տարածաշրջանի համար: «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտնել է Տնտեսագիտական բարձրագույն դպրոցի Եվրոպական և միջազգային համապարփակ հետազոտությունների կենտրոնի փոխտնօրեն Դմիտրի Սուսլովը:
«Արկտիկայի կլիմայի փոփոխությունը տեղի է ունենում երկու-երեք անգամ ավելի արագ, քան ամբողջ մոլորակում: Ավելին՝ Արկտիկայում կլիմայի փոփոխության հետևանքները կազդեն ոչ միայն Արկտիկայի, այլև գործնականում աշխարհի մնացած հատվածի վրա»,- «Արկտիկան որպես պետական քաղաքականության օբյեկտ» խորագրով միջազգային գիտական կոնֆերանսի ժամանակ ասել է փորձագետը:
Նրա խոսքով՝ սառույցից Արկտիկայի ազատվելն աշխարհում ստեղծում է «արկտիկական աղմուկ»: «Արկտիկայում տեղի ունեցող կլիմայական գործընթացներից ողջ աշխարհի կախվածության մեծացումը՝ ոչ արկտիկական երկրներն օգտագործելու են ոչ միայն այնտեղ ընթացող ծրագրերում իրենց ներգրավվածությունն արագացնելու համար, այլև Արկտիկայի կառավարմանը մասնակցելու առումով»,-ասել է Սուսլովը:
Նրա կարծիքով, այդ երկրները Արկտիկան դիտարկում են որպես ողջ մարդկության ժառանգություն և փորձում են մեծացնել իրենց ներկայությունն այնտեղ: Ըստ Սուսլովի, թե՛ Չինաստանը, թե՛ Հնդկաստանը արդեն ուշադրություն են դարձնում հարավային մայրցամաքին:
Փորձագետի խոսքով՝ Չինաստանի ակտիվացումը կոնֆրոնտացիոն մոտեցում է բերել Արկտիկական խորհրդի (միջազգային կազմակերպություն, որը ներառում է ութ արկտիկական պետություններ` Կանադա, Դանիա, Ֆինլանդիա, Իսլանդիա, Նորվեգիա, Ռուսաստան, Շվեդիա և Միացյալ Նահանգներ) աշխատանքում, չնայած այս կառույցը նախատեսված էր պահել որպես ոչ քաղաքական: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն ուժեղացնում է Չինաստանի դեմ իր ընդդիմադիր կեցվածքը, այդ թվում՝ Արկտիկայի հարցերում:
Ըստ Սուսլովի՝ ԱՄՆ-ը վերջին երեք տարում Արկտիկայի հարցում որդեգրել է երեք ռազմավարություն և բոլորն էլ ռազմական բնույթի՝ պաշտպանության նախարարության, ռազմաօդային ուժերի և Միացյալ Նահանգների բանակի:
Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի «Կոլա» գիտական կենտրոնի փորձագետ Ալեքսեյ Ֆադեևը տեղեկացրել է, որ ըստ փորձագետների՝ Արկտիկան պարունակում է ածխաջրածնի համաշխարհային պաշարների մինչև 25%-ը: Ռուսական արկտիկական խորշի ածխաջրածնային ներուժը 100 միլիարդ տոննա նավթին համարժեք է, Ռուսաստանում տարեկան արդյունահանվում է 500 մլն տոննա նավթ: