2018 թվականին Հայաստանը կանցնի ծրագրային բյուջետավորման
2018 թվականից Հայաստանը պետք է անցնի 100 տոկոսանոց ծրագրային բյուջետավորման: Այս մասին այսօր Ազգային ժողովում կազմակերպված «Հայաստանի Հանրապետությունում ծրագրային բյուջետավորման ներդրման գործընթացը» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը:
Նա նշեց, որ Հայաստանում ծրագրային բյուջետավորման գործընթացը մեկնարկել է տասը տարի առաջ, գործընթացի 15 տոկոսն արդեն ներդրված է: Առաջիկա երեք տարում Հայաստանը պետք է հասցնի աշխատանքների 85 տոկոսը կատարել:
Պ. Սաֆարյանը հայտնեց, որ այսօր ծրագրային բյուջետավորման ներդրման գործընթացի վերաբերյալ երկրորդ լսումներն են ընթանում, իսկ նախորդ լսումների ժամանակ պատգամավորների բարձրացրած հարցերը բավական դրական արդյունք են տվել գործընթացին:
Ներկայացնելով անցած տասը տարիների ընթացքում կատարված աշխատանքը, փոխնախարարը նշեց, որ եղել են երկրներ, որոնք փորձել են շատ արագ` 4-5 տարում ներդնել համակարգը, հետո ամբողջությամբ հրաժարվել են:
«Մեր նպատակն առաջատար լինելը չէ, այլ հասնել ավելի արդյունավետ կառավարման: Դա է պատճառը, որ դանդաղ, խորհրդակցելով` խորհրդարանի, միջազգային կառույցների հետ, փորձում ենք հասնել դրան»,- ընդգծեց Պ. Սաֆարյան՝ հավելելով, որ սկզբնական շրջանում ինքը բավական թերահավատ է եղել, բայց այժմ արձանագրում է, որ խորհրդարանական բոլոր հանձնաժողովների հետ համատեղ աշխատանքի արդյունքում բավական դրական առաջընթաց ունեն:
Նա տեղեկացրեց, որ մինչև 2016թ-ի փետրվարը պատրաստ կլինի ժամանակացույցը և համակարգի ներդրման գործողությունների ծրագիրը:
ԱԺ տնտեսական հանձնաժողովի անդամ, ընդդիմադիր պատգամավոր Թևան Պողոսյանը հետաքրքրվեց, թե կհաջողվի՞ սահմանված ժամկետներում ներդնել համակարգը:
«2018թ-ը ցանկալի կամ երազելի ժամկե՞տ է, որպեսզի ծրագրային բյուջետավորման ներդրումը լինի 100%-ով, թե իրական է»,- ասաց նա:
Պ. Սաֆարյանը նշեց, որ առայժմ հետաձգման նախադրյալները չի տեսնում: Գործողությունների ծրագիրն ակնհայտ կդարձնի դա. «Մենք հնարավորություն ունենք 2018-ին համակարգը ներդնել: Բայց դա վերջնական չի»:
Ծրագրային բյուջետավորման առավելությունների հիմնական փաստարկն այն է, որ այդ համակարգով կավելանա բյուջեի արդյունավետությունը, ավելի հստակ կսահմանվի պետական ծախսերի գրաֆիկը, հնարավորություն կլինի այդ ծախսերի կատարողականը վերահսկել, կապահովի բյուջեի թափանցիկությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան