Եղիշե Կիրակոսյանը Հաագայի դատարանում․ Հայաստանը փորձում է կանխել և շտկել վայրագությունների, ատելության ցիկլը` կատարված ընդդեմ էթնիկ հայերի
Հոկտեմբերի 14-15-ին ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում անցկացվում են նիստեր՝ Հայաստանի Հանրապետությունն ընդդեմ Ադրբեջանի ներկայացրած գանգատի վերաբերյալ։ Հայաստանը դիմել է Հաագայի դատարան՝ Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի խախտման վերաբերյալ։ Միաժամանակ Հայաստանը խնդրել է դատարանին կիրառել մի շարք հրատապ միջոցներ՝ այդ թվում ռազմավարի պուրակի փակումը և ռազմագերիների ու պահվող քաղաքացիական անձանց վերադարձը: Հոկտեմբերի 14-15-ի լսումները վերաբերելու են Հայաստանի ներկայացրած՝ հրատապ միջոցներ կիրառելու միջնորդությանը:
Այսօր նիստի մեկնարկին ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը նշեց, որ դատարան ներկայացրած հայցով Հայաստանը չի խնդրում դատարանին լուծել բոլոր հարցերը, որ երկար ժամանակ բաժանում են կողմերին, այլ հայցը կապված է վերջին ռազմական բախումների հետևանքների հետ։
«Հայցով Հայաստանը փորձում է կանխել և շտկել վայրագությունների, ատելության ցիկլը` կատարված ընդդեմ էթնիկ հայերի, Հայաստանը փորձում է պաշտպանել էթնիկ հայերի իրավունքները»,- ասաց Եղիշե Կիրակոսյանը։
Նա մեջբերեց Կոնվենցիան, որում ասվում է, որ խտրականությունը մարդկանց նկատմամբ՝ ռասայի, գույնի, էթնիկ պատկալելիության հիմքով, խորընդոտ է ազգերի միջև բարյացկամ ու խաղաղ հարաբերությունների համար։
Կիրակոսյանը ներկայացրեց հայերի պատմությունը, որը գալիս է դեռևս մ․թ․ա . երկրորդ հազարամյակից։ Կիրակոսյանի խոսքերով, էթնիկ ինքնության պատճառով, հայերը ենթարկվել են հետապնդումների, ցեղասպանության։
«Միջազգային հակամարտությունը, որը նախագահ Ալիևը բացահայտորեն ընդունեց, որ Ադրբեջանն է սկսել 2020թ․-ի սեպտեմբերին, էթնիկ բռնությունների և ատելության ամենավերջին շղթան է։ Մենք վախենում ենք, որ այն վերջինը չի լինի, քանի դեռ այս հակամարտության հիմքերը չեն հասցեագրվել»,- ասաց Կիրակոսյանը, հավելելով, որ Ադրբեջանի իշխանությունների կողմից տարածվող ատելությունն այնքան համատարած է, որ ամբողջ Ադրբեջանի հասարակության վրա է ազդում, «սերունդերը շարունակ սովորում են ատել այն ամենն, ինչն հայկական է»։
Կիրակոսյանը նշեց, որ նոյեմբերի 9-ի հրադադարն անգամ չկանխեց, որ Ադրբեջանը չխախտի Կոնվենցիան։
«Ադրբեջանը շարունակում է ակտիվորեն խթանել էթնիկ ատելությունը հայերի նկատմամբ։ Այսպես կոչված «ռազմավարի պուրակը» դեռ կանգնած է որպես գրոտեսկային հուշարձան՝ ատելության այս գաղափարախոսության համար։ Ադրբեջանը ձերբակալել, տանջել և կամայականորեն կալանավորել է հայ զինված ուժերի բազում անդամների, քաղաքացիական անձանց։ Ադրբեջանը շարունակում է ոչնչացնել հայկական մշակութային ժառանգությունն ու կրոնական վայրերը կամ ժխտել դրանց հայկական բնույթն այն տարածքներում, որոնք այժմ վերահսկում է։ Այս բոլոր խախտումները շարունակվում են՝ մինչ մենք խոսում ենք», -ասաց Կիրակոսյանը։
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ պատվիրակությունը Հաագայում է՝ ՄԱԿ-ի միջազգայն դատարանում ընդդեմ Ադրբեջանի գործի լսումներին
- Ադրբեջանը գանգատ է ներկայացրել Հայաստանի դեմ ՄԱԿ-ի միջազգային դատարանում
- Ի՞նչ հիմքերով է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դիմել ՄԱԿ-ի Միջազգային դատարան
- ՀՀ-ն գանգատ է ներկայացրել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան ընդդեմ Ադրբեջանի