Նորայրն այսօր կդառնար 22 տարեկան. «Թող աշխարհի բոլոր ծայրերում իմ կենացը խմեն»
«Նորոս զոհվեց»,-գրեց Նիդերլանդներում ապրող տատը՝ տիկին Սվետլաննան։
Նորա՞յրը, որ դեռ երեկ երեխա էր։ 2013 թվականի ամռանը ծովի ջրի՞ց էր, թե՞ ուտելիքից թունավորվել էր, թուլացել, գունատվել։ Մեր մեքենայով արագ Բաթումիի հիվանդանոց հասցրեցինք։ Տեղի հայ բժիշկն անհրաժեշտ հետազոտություններն արեց, դեղեր նշանակեց։ Հաջորդ օրը Նորայրն արդեն իր նման էր, էլի ափին՝ ստվերում պառկած գիրք էր կարդում։
Թոռնիկի ու կրտսեր դստեր՝ Սիմոնայի հետ Վրաստան հանգստանալու եկած տատիկն անընդհատ կրկնում էր՝ դուք փրկեցիք թոռնիկիս կյանքը։
«Նորոս զոհվեց»,-հազարերորդ անգամ կարդում եմ ու չեմ ուզում հավատել։
Փաստորեն իմ տեսած փոքր Նորոն այնքան է մեծացել, որ զինծառայության է մեկնել ու իր կյանքով մեզ պաշտպանել։
Նորայր Մայիլյանն այսօր կդառնար 22 տարեկան։ Տան միակ երեխան էր։ Զոհվեց 21 տարեկանը բոլորելուց երկու օր անց, Իշխանաձորում։
«2019 թվականին Մոսկվայից վերադարձանք հատուկ Նորայրի զինծառայության նպատակով, նույն տարվա հուլիսի 8-ին զորակոչվեց։ Նորայրն ասում էր՝ ո՞նց կլինի ես չգնամ, չծառայեմ։ Ինչքան էլ փորձեցինք հետ պահել այդ քայլից, չկարողացանք։ Իհարկե, ես քաջ գիտակցում էի մեր երկրի գլխին գալիքը, բայց հենց այսպես չէի պատկերացնում։ Ամենավատը չես մտածում... ասում ես՝ երևի քեզ կշրջանցի»,-պատմում է Նորայրի մայրը՝ Լիլիթ Ենգիբարյանը։
Մինչ ՌԴ մեկնելը, Նորայրն ընդունվել էր Հայ-ռուսական համալսարանի տուրիզմի ֆակուլտետ։ Նախ միտք ուներ ուսումը Մոսկվայում շարունակել, հետո որոշեց՝ Հայաստանում ծառայելու է, ապա ուսումն այստեղ է շարունակելու։ Վեց ամիս Արամավիրում ծառայելուց հետո տեղափոխվել է Սյունիք՝ Խնձորեսկի զորամաս։ Պատերազմի մեկնարկի առաջին իսկ պահից ներգրավված է եղել ռազմական գործողություններում՝ նախ Ջրական, Սանասար, հետո Հադրութ, ապա Ասկերանով վերադարձել են։ Իշխանաձորի վերջին մայրամուտը Նորայրը տեսավ հոկտեմբերի 15-ին։
«Իրենք առջնագծից հետ քաշված են եղել, անօդաչու թռչող սարքն է հարվածել։ Մեզ ասում էր՝ մենք ապահով տեղ ենք, երրորդ գիծ ենք տասներորդ գիծ ենք։ Ասում էր՝ էնքան բան ունեմ պատմելու։ Հայրը՝ Վահանը 90-ականներին մասնակցել էր Ղարաբաղյան առաջին պատերազմին։ Նորոն ասում էր՝ կգամ կպատմեմ, թե ես ինչեր եմ տեսել, էլ երևի կյանքում ինձ ոչինչ չի զարմացնի, ասում էր՝ քո տեսածն ի՞նչն է իմ տեսածի համեմատ։ Էնքան հանգիստ էր խոսում։ Հոկտեմբերի 14-ին էլ զանգել էր Հոլանդիայում ապրող տատիկին, ասել էր՝ զանգի մեր բոլոր ծանոթներին, հարազատներին, ասա՝ թող աշխարհի բոլոր ծայրերում իմ կենացը խմեն»,-պատերազմի ընթացքում որդու հետ կարճ հեռախոսազրույցներից պատառիկներ է հիշում մայրը։
Լիլիթն ասում է՝ որդին շատ էր սիրում զինծառայությունը, մեկ-մեկ ընթերցում է որդու ու ընկերների գրառումները։
«Ընկերները գրել էին՝ Նորո, տարել է քեզ էդ ծառայությունը։ Նույնիսկ մի պահ ասում էր, գալու եմ գնամ Վազգեն Սարգսյանում սովորեմ։ Այդ զինվորական կյանք իրեն շատ էր դուր եկել։ Հետևակի մարտական մեքենայի հրամանատար էր, կրտսեր սերժանտ։ Ես ասում էի՝ Նորո, դու տանկիստ ես։ Ինձ բացատում էր տանկի ու ԲՄՊ-ի տարբերությունները. «Մամա, տանկ չի, ՀՄՄ է»»,-պատմում է Լիլիթը։
Մոսկվայում գտնվող ծնողներին Նորայրի անմահանալու մասին հայտնել են հոկտեմբերի 17-ին, երբ Հայաստանում գտնվող հարազատները համոզվել են՝ Եղեգնաձորում տեսած զինվորը հենց Նորոն է։
«Նորոն սարսափելի մեծ հումոր ուներ, անսահման սեր ուներ սպորտի նկատմամբ, ուզում էր դառնալ մարզական մեկնաբան։ Սիրում էր աշխարհագրությունը, լավ տիրապետում էր ռուսերենին։ Ծառայակից ընկերներն ասում են՝ Նորայրը շատ դիվանագետ էր, հարցերը լուծում էր խոսքով, հանգիստ էր, բայց միաժամանակ լիդեր, ասում են՝ բոլորը լսում էին նրան, հարգում։ Գիտե՞ք, տպավորություն է բոլոր տղաների մասին նույն բանն ենք պատմում, բայց ես սարսափում էի Նորոյի հասունությունից։ Ասում էի՝ էս տարիքում ո՞նց կարելի է այսքան իմաստուն լինել, արդեն մենք էինք իրենից բաներ սովորում։ Երբ արդեն 19 տարեկան էր, հասկացանք, մենք իրեն էլ տալու բան չունենք, շատ հարցերում իրենից էինք խորհուրդ հարցնում, շատ սառն էր դատում։ Տղաներն էլ պատմում են, որ Նորոն ամեն անգամ իրենց հանդարտության, տասը չափելու մեկը կտրելու, հավասարակշռության, տաք գլխով չգործելու, սթափ լինելու կոչ էր անում»,-ասում մայրը։
Զինծառայությունից արձակուրդ եկած ծառայակիցներն այցելել են իրենց ընկերոջ ընտանիքին։
«Գիտեմ, որ ավելի շատ Նորոյիս մոտ են գնում»,-նշում է նա։
Նորայր Մայիլյանն ամփոփված է Ջրվեժում՝ ընտանեկան գերեզմանատանը, պապիկի կողքին։
Հարակից հրապարակումներ`
- Եղբայրներ Նարեկ և Սամվել Ղազարյաններն անմահացել են հանուն հայրենիքի
- Հերոս Ալբերտ Հովհաննիսյանը կդառնար 20 տարեկան
- «Երբ լույս աշխարհ եկար, դու իմն էիր, հիմա՝ բոլորինը»
- «Լավ մնացեք». Ազատ Ասոյանն այսօր կդառնար 27 տարեկան
- Գևորգ Ջավախյան. Անավարտ մնացած մի կյանք
- Քյարամ Սլոյանը կդառնար 25 տարեկան, իսկ մենք նստել Փաշինյանից ենք խոսում. Արփինե Հովհաննիսյան
- Պատերազմում զոհված Հայկ Սահակյանն այսօր կդառնար 20 տարեկան
- Արցախում զոհված ջավախքցի Տիգրան Շաշիկյանն այսօր կդառնար 20 տարեկան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին