Հզոր հերոսներ կերտած հայը․ ֆիլմ-հարգանքի տուրք՝ Վիշապաքաղ Վահագն և Հայկ Նահապետ կերտած քանդակագործ Կառլեն Նուրիջանյանին
Հայ քանդակագործ Կառլեն Նուրիջանյանին նվիրված ֆիլմ է ստեղծվել, որը ներկայացնում է հայ մշակույթում քանդակագործի վաստակն ու ներդրումը։ Հոկտեմբերի 13-ին «Մոսկվա» կինոթատրոնում տեղի է ունեցել պրոդյուսեր Պետրոս Լագեսյանի «Կառլեն Նուրիջանյան» վավերագրական ֆիլմի պրեմիերան։ Տարածված հաղորդագրության մեջ նշվում է, որ ֆիլմի ստեղծման մտահղացումը Նուրիջանյանի զարմիկ Արա Ադամյանինն է։
Կառլեն Նուրիջանյանի առաքելությունը մեր հերոսապատումները գալիք սերունդներին փոխանցելու մեջ էր․ և հենց այդ համատեքստում քանդակագործը հեղինակել է «Վահագն Վիշապաքաղ» (1968թ.), «Հայկ Նահապետ» (1970թ.), «Տորք Անգեղ» (1982թ.) և այլ գործեր, որոնք արտացոլում են հայ ժողովրդի ուժն ու տոկունությունը։
Կինոնկարում Կառլեն Նուրիջանյանի մասին են պատմում նրա ընկերներն ու հարազատները՝ քանդակագործ, ՀՀ ժողովրդական նկարիչ Լևոն Թոքմաջյանը, Հայաստանի նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը, մենապարող, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ Ռաշիդ Կարապետյանը, քանդակագործ, դրվագող Ներսես Չարխչյանը, նկարիչ, քանդակագործ, Ալավերդու պատկերասրահի տնօրեն Ռաֆայել Ջավախյանը, արվեստաբան Արմեն Առուստամյանը, գեղանկարիչ Տիգրան Ձիթողցյանը, թավջութակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Նարեկ Հախնազարյանը, Կառլեն Նուրիջանյանի զարմիկ Արա Ադամյանը։ Ներկայացնում են Նուրիջանյանի անցած դժվարին ուղին, պատմում նրա չիրականացված ծրագրերի՝ հատկապես «առասպելների այգու» մասին․․․
«Մեր նպատակն էր ֆիլմի միջոցով ոչ միայն հարգանքի տուրք մատուցել քանդակագործին, այլև էլ ավելի ճանաչելի դարձնել գործչին ու նրա անունը։ Գործչի, որին թեև անունով քչերն են ճանաչում, որը սակայն մեծ հետք է թողել հայկական մշակույթում և որի կերտած քանդակները մեր երկրի արժեքավոր զարդերն են»,-նշել է ֆիլմի պրոդյուսեր Պետրոս Լագեսյանը։
Նա հատուկ շեշտել է, որ Նուրիջանյանի՝ քերթողահայր Մովսես Խորենացուն նվիրված մեծադիր կոթողն անհետացել է, և ֆիլմի հեղինակները հորդորում են բոլոր նրանց, ովքեր տեղեկություն ունեն այդ արձանի մասին, տեղեկատվություն փոխանցել իրենց։ Ֆիլմի ստեղծողները հույս ունեն գտնել նաև բացառիկ այդ հուշարձանը։
Կինոգետ Կարեն Ավետիսյանի խոսքով, ֆիլմը երկու նպատակ ունի՝ վառ պահել Նուրիջանյանի հիշատակը և վերականգնել հիշողությունը՝ բացահայտելով Նուրիջանյանին բոլոր այն մարդկանց համար, ովքեր ծանոթ չեն նրա գործունեությանը։
Նուրիջանյանի զարմիկ Արա Ադամյանն էլ միջոցառման ընթացքում նշել է, որ շատ սիրում էր քեռիին, վերհիշել է, թե ինչպես էր օրերն անցկացնում նրա արվեստանոցում։ Նա շնորհակալություն է հայտնել ստեղծագործական թիմին՝ նման լավ աշխատանք ստեղծելու առթիվ։
Ֆիլմի շնորհանդեսը ուղեկցվել է ՀՀ վաստակավոր արտիստ Նարեկ Հախնազարյանի կատարումներով։ Նա ընդգծել է, որ մենք պետք է մեծարենք ու հիշենք մեր մեծերին՝ արժանին մատուցելով նրանց։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները