Գերադասելի է պատվաստվելը, քան կողմնակի էֆեկտների պատճառով չպատվաստվելը. Համլետ Հայրապետյան
«Զարկերակային հիպերտենզիայով, սրտի անբավարարությամբ, սրտի իշեմիկ հիվանդությամբ տառապողները կովիդի վարակն ավելի ծանր են տանում և ելքն ավելի անբարենպաստ է լինում»,- «Արմենպրեսի» մամուլի սրահում հայտնեց սրտաբանության գծով ՀՀ առողջապահության նախարության խորհրդատու, Սրտաբանների ասոցիացիայի նախագահ Համլետ Հայրապետյանը և ռիսկի այդ խմբի մարդկանց համար կարևորեց կորոնավիրուսից պաշտպանվելու կանխարգելիչ գործողությունները:
Սրտաբանը հայտնեց, որ վիրուսը կարող է բերել մարդու սրտի վնասվածքի, սրտամկանի ինֆարկտի և տարբեր տեսակի առիթմիաների:
Նրա խոսքով՝ կորոնավիրուսով վարակվելուց հետո իմուն համակարգի խախտումը նույնպես ազդում է սրտի վրա:
Հայրապետյանը հայտնեց, որ համաճարակի սկզբնական շրջանում օգտագործում էին դեղորայքներ, որոնք բերում էին սրտամկանի վնասման և այլ խնդիրների, որը նույնպես ավելացրեց սրտի համար հիվանդության թողած վատ հետևանքների շրջանակները:
Նա սրտի խրոնիկ հիվանդություններ ունեցողներին խորհուրդ տվեց գտնվել սրտաբանների և թերապևտների անմիջական հսկողության տակ և հայտարարեց, որ նրանց առավել շատ է ցուցված պատվաստվելը:
«Պատվաստման հարցում սրտանոթային հիվանդություններ ունեցողների համար բացարձակ հակացուցում գոյություն չունի»,- հայտարարեց Սրտաբանների ասոցիացիայի նախագահը, բայց անմիջապես նկատեց, որ տարբեր հիվանդությունների սրացման փուլում երբեմն խորհուրդ է տրվում որոշ ժամանակով հետաձգել պատվաստումը:
Համլետ Հայրապետյանը պնդեց, որ ամեն դեպքում բոլոր հիվանդների և առողջների համար գերադասելի է պատվաստվելը, քան այս կամ այն հնարավոր կողմնակի էֆեկտի պատճառով չպատվաստվելը:
Սրտաբանը հաստատեց, որ որոշ պատվաստանյութերի հակացուցումների մեջ նշված են հնարավոր տրմբոզային երևույթները՝ հավելելով սակայն, որ ցանկացած դեղ ունի կողմնակի հետևանքներ: