«Ժողովուրդ». Վարչապետը «չոր աշխատավարձի» հույսի՞ն է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Կառավարական կաբինետի ներկայացուցիչների ու պատգամավորների բարեկեցիկ կյանքի մասին մտահոգվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը «չոր աշխատավարձի» հույսին է: «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան, թե վերջին մեկ տարվա ընթացքում (2020-2021 թթ.) վարչապետը ինչքան պարգևավճար է ստացել, վարչապետի աշխատակազմի ֆինանսական ու հաշվապահական հաշվառման վարչությունից պատասխանել են. «2018-ի մայիսից մինչ օրս վարչապետ Փաշինյանը պարգևավճար չի ստացել»:
Տարօրինակ է, որ պարգևավճարների մասին մշտապես դրական արտահայտվող ու դա պետական ոլորտի աշխատակիցների համար որպես արժանապատիվ վարձատրության ձև համարող Փաշինյանը 2018-ի քաղաքական վերադասավորումներից հետո պարգևավճար չի ստացել:
«Մեր նախարարներն ու կառավարության անդամները պետք է ստանան արժանապատիվ վարձատրություն։ Դա նաև ժողովրդի պատիվն է, քանի որ կարևոր է` ինչպես է վերաբերվում գործատուն իր ծառայողին։ Հայաստանի ժողովուրդը պետք է ուրախանա, որ Հայաստանում կան նախարարներ, որոնք 100-300 000 դրամ պարգևավճարների կարիքն ունեն»,- բացատրում էր Փաշինյանը:
Հարց է առաջանում՝ միայն աշխատավարձ ստանալով՝ այդ ինչպես է ինքն իրեն ըստ հավուր պատշաճի գնահատված ու արժևորված զգում, եթե անձամբ է հայտարարում, որ պաշտոնյան աշխատավարձով միայն ոչ միայն ապրել, այլև ներկայացուցչական հարցեր լուծել չի կարող: Բացի այդ, պարգևավճար չստացող Փաշինյանն ի՞նչ միջոցներով է նոր կոստյումներ, ժամացույցներ կամ փողկապներ ձեռք բերում, որոնք, ըստ մամուլի հրապարկումների, այդքան էլ էժանագին չեն:
Ստացվում է՝ երկրի առաջնորդը մի կողմից ողջունում է պարգևավճարի ու բարձր վարձրատրության ինստիտուտը, մյուս կողմից ցանկանում ցույց տալ, թե ինքն է միակը, որ հերոսաբար հրաժարվում է դրանից: Ու մեծ հարց է մնում, թե ինչպես է տեղավորվում ամսական 1 միլիոն 36 հազար դրամ վարչապետի աշխատավարձի մեջ և ինչպես է հոգում իր բազմազավակ ընտանիքի հոգսերը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում: