Էլինար Վարդանյան. Մթնոլորտը դառնում է պայթունավտանգ
«Հայաստանի Հանրապետությունը, մեր գնահատմամբ, գտնվում է բռնապետության ճանապարհին»,- Այլընտրանքային նախագծեր խմբի կազմակերպած «Դեպի բռնապետություն. Հետընթաց իրավունքներից» թեմայով պանելային քննարկման ժամանակ նման գնահատական հնչեցրեց խմբի փորձագետ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը։
Նա հիշեցրեց, «Այլընտրանքային նախագծեր» խումբը դեռ մի քանի ամիս առաջ հրավիրած միջոցառման ընթացքում բարձրաձայնել էր իրավական մարտահրավերների մասին, սակայն դինամիկան մտահոգիչ է, բարձրաձայնված խնդիրներն ավելի խորացել են, և ըստ էության, նոր լուծումների նոր մեխանիզմներ գտնելու հրամայական են առաջադրել։
«Հայաստանում ներքին կյանքում նույն մթնոլորտն է, շարունակվում են ապօրինի կալանքներ, սպառալիքներ, պետական տեռորն ընդդիմադիր գործիչների նկատմամբ, ցուցադրաբար անազատության մեջ են պահվում ընդդիմադիր պատգամավորներ։ Կան ընդդիմադիր պատգամավորներ, որոնք խնդիր ունեն ՀՀ-ից մեկնելու հետ, նաև այն դեպքում, երբ նրանք միջազգային կառույցներում հայաստանյան պատվիրակությունների անդամներ են։ Արդեն մի քանի ամիս է՝ ինչ դատական համակարգում չի գործում էլեկտրոնային մակագրման համակարգը, ըստ էության մակագրումը տեղի է ունենում կամայական կերպով։ Մենք շատ հաճախ ականատեսն ենք լինում, որ գործերը մակագրվում են այնպիսի դատավորների, որոնցից կարելի է ակնկալել որոշակի որոշումներ»,- առկա խնդիրները թվարկեց բանախոսը։
Էլինար Վարդանյանը նշեց, որ Հայաստանում լուրջ հետընթաց է ապրում խոսքի ազատությունը, խոչընդոտներ են ստեղծվում լրատվամիջոցների համար, քրեականացվեց վիրավորանքը, սահմանափակվում է հավաքների ազատությունը, ցանկացած հավաք վերածվում է բերման ենթարկելու շքերթի։
«Սրանք լուրջ մարտահավերներ են ժողովրդավարական արժեքների համար։ Խնդիրներ կան ոստիկանության հետ, ընդամենը երկու օր առաջ տեսանք, թե ինչպես են ոստիկանները երեխաների աչքի առաջ բռնություն կիրառում ու բերման ենթարկում նրանց հորը։ Մտահոգիչ իրավիճակ է կորոնավիրուսի համավարակի պատվաստման առումով, քանի որ իշխանությունը չի կարողանում իրականացնել բոլոր անհրաժեշտ քայլերը հանրության մոտ վստահություն ստեղծելու ու այդ խնդիրը կարգավորելու համար։ Ըստ էության, մթնոլորտը դառնում է պայթունավտանգ, ու մենք կանգնած ենք լուրջ մարտահրավերների առջև»,- ասաց Էլինար Վարդանյանը։
Նա ընդգծեց, որ երեկվա անքուն գիշերը ևս մեկ անգամ փաստեց՝ անվտանգային հարցերն առաջնային են, սակայն ներքին մարտահրավերներն անտեսել չի կարելի։
«Մենք մնում ենք մեր այն տեսակետին, որ պետք է ստեղծել պետական տեռորի դեմ դիմադրության համակարգեր ու պետք է գտնենք հանրության կոնսոլիդացիայի բանաձևը»,- ասաց նա։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան