«Ժողովուրդ». Ռմբապաստարանների թեման մղվել է երկրորդ պլան
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նախորդ տարի՝ այս օրերին, պարզ դարձավ, որ մենք պատերազմական իրավիճակում ապաստարաններ չունենք: Մասնավորապես, 44-օրյա պատերազմի օրերին, երբ Արցախի բնակչությունը հիմնականում ռմբապաստարաններում էր պատսպարվում, պարզ դարձավ, որ մայրաքաղաք Երևանի բնակելի շենքերի նկուղները հիմնականում հարմարեցված չեն վտանգի ժամանակ այդ տեղերում ապրելու ու գոյատևելու համար: Նկուղներում մարդիկ հաճախ ստիպված էին լինում առնետների հետ հարևանությամբ ապրել, դե իսկ կենցաղային ու սանիտարահիգիենիկ պայմանների մասին խոսելն անգամ ավելորդ է: Պատերազմի ժամանակ երևանաբնակները նույնպես հետաքրքրվում ու բարձրաձայնում էին, թե մայրաքաղաքի բնակելի շենքերի քանիսի նկուղներն են համրարեցված ապաստարանային պայմաններին: Նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունից հետո, սակայն, ռմբապաստարանների մասին խոսակցությունները երկրորդ պլան մղվեցին:
«Ժողովուրդ» օրաթերթը Երևանի քաղաքապետարան հարցում էր ուղարկել՝ տեղեկանալու համար, թե մեկ տարվա ընթացքում մայրաքաղաքի բնակելի շենքերի նկուղներից քանիսն են ապաստարանի վերածվել: Քաղաքապետարանը, սակայն, որևէ հստակ թիվ ու կոնկերտ պատասխան չի տվել՝ չմանրամասնելով նաև, թե մեկ տարվա ընթացքում ինչ աշխատանքներ են տարվել այդ կարևորագույն խնդրի ուղղությամբ:
«Պաշտպանական կառույցների նախապես պլանավորման, նախագծման, պահպանման, շահագործման ու վերանորոգման միջոցառումների նյութատեխնիկական ապահովումն ու ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և համայնքային բյուջեի միջոցների հաշվին: Ելնելով վերոգրյալից՝ տեղեկացնում ենք, որ Երևանի քաղաքապետարանը հետևողականորեն իրականացնում է ապաստարանների և պարզագույն թաքստոցների պահպանմանն ուղղված լայնածավալ միջոցառումներ: Համաձայն «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին կետի՝ Երևանի քաղաքապետարանը չի կարող տրամադրել առավել տեղեկատվություն, քանի որ դրանում առկա են գաղտնիության տարրեր»,- ասված է քաղաքապետարանի ուղարկած պաշտոնական պատասխանի մեջ:
Ստացվում է՝ ոչ միայն տվյալներ չեն տրամադրվում, այլ նաև չի հստակեցվում՝ ապաստարանների համար նախատեսված տարածքները կարգի են բերվել, թե ոչ: Ու այս ամենն արվում է գաղտնիության ֆոնով պարուրված, որը խորհրդավորություն, իհարկե, հաղորդում է Հայկ Մարությանի աշխատանքին, բայց արդյունավետություն՝ հազիվ թե»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա