Դպրոցի շենքում թեստավորե՞լ են կորոնավիրուսի ախտանիշներ ունեցողների
Առողջապահության նախարարի որոշմամբ, թեստավորման կամ պատվաստման պարտադիր պահանջի հետևանքով ախտորոշիչ լաբորատորիաների դիմաց մեծ հերթեր ու կուտակումներ են առաջանում։
Մեծ թվով աշխատակիցներ ունեցող ուսումնական հաստատությունները, կազմակերպությունները, ընկերութունները թեստավորման համար հրավիրում լաբորատորիաներ՝ պրոցեսը տեղում կազմակերպելու համար։
Նիկոլ Աղբալյանի անվան դպրոցում, ըստ խմբագրությանը դիմած քաղաքացու, լաբորատորիա են հրավիրել մանկավարժների ու մյուս աշխատակիցների թեստավորումն իրականացնելու համար։ Սակայն, ըստ ահազանգի, այդ լաբորատորիայում թեստավորվել են նաև դպրոցի հետ որևէ կապ չունեցող մարդիկ, որոնք ունեցել են կորոնավիրուսին բնորոշ ախտանիշներ, ինչը նշանակում է, որ հնարավոր վարակակիր անձինք մուտք են գործել դպրոցի շենք։
Panorama.am-ը երկու օր շարունակ փորձեց լուրի իսկությունը ճշտել դպրոցի տնօրենից, սակայն հեռախոսզանգերին պատասխանող գործավարներն ու ուսուցիչները միշտ նույն պատասխանն էին տալիս՝ տնօրենը զբաղված է, ավելի ուշ զանգեք։ Զանգերի մեծ մասն էլ պարզապես անպատասխան մնացին։
Քաղաքապետարանից Panorama. am-ը փորձեց ճշտել, թե քանի՞ դպրոցի տնօրինություն է կազմակերպել ուսուցիչների թեստավորումը դպրոցի շենքում, Նիկոլ Աղբալյանի անվան դպրոցը որ լաբորատորիայի հետ է համագործակցել, այդ դպրոցում քանի՞ ուսուցիչ է թեստավորվել, պատվաստվել։ Քաղաքապետարանին Panorama.am-ը տեղեկացրեց ահազանգի մասին՝ խնդրելով այդ մարմնի գնահատականն ու ձեռնարկելիք քայլերը հնարավոր նման դեպքերն այլ դպրցներում կանխելու համար։
Ի պատասխան գրության մեջ խմբագրությանը քաղաքապետարանից հայտնեցին.
«Երևանի քաղաքապետարանը չունի իր ենթակայությամբ գործող դպրոցներում որևէ տարբերակով կազմակերպվող թեստավորման կամ պատվաստման գործընթացը կանոնակարգելու, առավելևս՝ վերահսկելու լիազորություն: Դպրոցների տնօրենները իրենք են որոշում՝ ինչ սկզբունքով և որտեղ կազմակերպել տվյալ գործընթացը: Ելնելով վերը նշվածից՝ ձեր հարցման մեջ պահանջվող տեղեկատվության ճշգրտումն ու թվային տվյալների փոխանցումը հնարավոր չէ:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2021 թվականի օգոստոսի 20-ի, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի օգոստոսի 2020 թվականի 4-ի թիվ 17-Ն և 2020 թվականի սեպտեմբերի 18-ի թիվ 24-Ն հրամաններում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին N 65-Ն հրամանի պահանջները կատարելու վերաբերյալ ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարի գրությունը՝ դպրոցների տնօրեններին իջեցվել է հրամանների պահանջները ապահովելու շրջաբերական»։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին