Նման անատամ վարքագիծը միայն ավելի ու ավելի է լկտիացնում թշնամուն. Արամ Վարդևանյան
«Այն, որ Ադրբեջանն ու իրենց իշխանությունները ի դեմս իրենց երկրի ղեկավարի, դասական իմաստով միջազգային հանցագործներ են, այլևս կարիքը չկա քննարկելու»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը:
Նա հիշեցրեց՝ երբ առաջին անգամ նման գնահատական է հնչեցրել, ասել են՝ Վարդևանյանն անմեղության կանխավարկած է խախտում:
«Մենք խոսում ենք մի երկրի, իշխանության մասին, որոնք 44-օրյա պատերազմի ընթացքում որևէ մարդասիրական, միջազգային իրավական նորմի առաջ չկանգնեցին, հնարավոր ու անհնարին հանցագործությունները թույլ տվեցին՝ էլ արգելված զենքի օգտագործում, էլ բնակավայրերի վրա հարձակում: Նման պայմաններում ակնկալել խաղաղություն նման հանցագործներից, հնարավոր չէ: Եթե մեկը հանցագործ է, այն էլ այս տիտանական մասշտաբի, կարծում եմ, միակ ելքը, խոսելու ձևը իրավական, միջազգային իրավական պատասխանատվության գործիքակազմն է»,- ասաց Ա. Վարդևանյանը:
Նա ողջունեց ՄԱԿ-ի արդարադատության դատարանում ՀՀ ներկայացուցիչների հռետորաբանությունը՝ այն գնահատելով իսկապես ճիշտ, Եղիշե Կիրակոսյանին և նրա գործընկերներին փոխանցեց իր հարգանքները. «Շեշտադրումները, գնահատակնները ճիշտ էին: Եթե գնահատականները զտված, կարճ ներկայացնենք՝ կրկին միջազգային հանցագործությունների մասին էր»:
Արամ Վարդևանյանն այնուհետև անդրադարձավ այն հռետորաբանությանը, որ հնչում է ՀՀ իշխանությունների կողմից:
«Կյանքը ցույց է տալիս, որ նման անատամ վարքագիծը միայն ավելի ու ավելի է լկտիացնում թշնամուն»,- ընդգծեց ընդդիմադիր պատգամավորը:
Խոսելով իշխանության խաղաղության օրակարագի մասին, նա հիշեցրեց, որ իրենք խաղաղություն բառն օգտագործում էին մեկ կարևոր վերապայմանով՝ արժանապատիվ խաղաղություն, որն առնվազն իրենից ենթադրում է, որ թշնամին երբեք այսպես չի կարող իրեն դրսևորել:
«Իսկ ե՞րբ կարող են իրենց այդպես չդրսևորել. եթե Հայաստանն իր կամքը ցույց է տալիս, ինչ է լինում, եթե, օրինակ, ՀՀ տարածքային ամբողջականությունը մեկը հանդգնում է խախտել, ինչ է լինում, եթե հերթական անգամ Հայաստանի կամ Արցախի զինվորի նկատմամբ ոտնձգություն են անում: Միայն այդ դեպքում կարող է լինել արժանապատիվ խաղաղություն: Հայ ժողովուրդը, հայոց բանակը, միանշանակ վստահ եղեք , որ ի զորու են, կարող են ապահովել այս նվազագույն պայմանները»,- ասաց Արամ Վարդևանյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում