Բիլ Քլինթոնը հոսպիտալացվել է արյան վարակով
ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը արյան վարակով հոսպիտալացվել է Կալիֆոռնիա նահանգում: Այս մասին հայտնել է CNN հեռուստաալիքը:
«Սա արյան մեջ վարակ է, որը հայտնի է որպես սեպսիս», - ասել է հաղորդավարը եթերում՝ հավելելով, որ ամերիկյան վարչակազմի նախկին ղեկավարին հակաբիոտիկներով բուժում է նշանակվել:
Հեռուստաալիքի տվյալներով՝ Քլինթոնի մոտ միզուղիների վարակ է զարգացել, որն այնուհետ անցել է արյան համակարգ: Ինչպես նշել է հաղորդավարը, հիվանդությունը ախտորոշվել է վաղ փուլում, որի պատճառով հիվանդի մարմինը լավ է արձագանքում թերապիային:
Իր հերթին, Քլինթոնի խոսնակ Անխել Ուրենիան ասել է, որ 75-ամյա ամերիկացի նախկին առաջնորդը, որ երկու օր հիվանդանոցում է, առողջանում է:
Քլինթոնը Միացյալ Նահանգների 42-րդ նախագահն է (1993-2001թթ.), ով դարձավ ամերիկյան ամենահայտնի առաջնորդներից մեկը։ Իր կառավարման վերջում նրա աջակցության մակարդակը 66% էր: