Դեռևս վաղ է ասել, որ Մինսկի խմբի ձևաչափը «մահացած է». վերլուծաբան
ԼՂ հիմնահարցի ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի հետագա ճակատագիրը շարունակում է պարունակել անորոշություն ու բազմաթիվ հարցեր: Ամերիկացի վերլուծաբանները քննարկում են այս ձևաչափի ապագան, գրում է Ամերիկայի Ձայնը։
Հոկտեմբերի 14-ին Մինսկում Ռուսաստանի միջնորդությամբ կայացավ ՌԴ-ի, Ադրբեջանի և ՀՀ-ի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը: Կողմերը քննարկել են անցած տարվա նոյեմբերին ստորագրած զինադադարը կյանքի կոչելու գործընթացն ու պայմանավորվել շարունակել աշխատանքը դեռևս բաց հարցերի շուրջ: Հանդիպումից հետո ՌԴ արտգործնախարարությունն իր հայտարարության մեջ հաստատել է Մոսկվայի պատրաստակամությունը՝ «նպաստել այս գործընթացին՝ ինչպես ազգային մակարդակում, այնպես էլ` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ»:
Վերլուծաբան Լորենս Բրոյերսի կարծիքով՝ այսօր դեռևս վաղ է ասել, որ Մինսկի խմբի ձևաչափը «մահացած է»: ԼՂ խնդրի խաղաղ կարգավորումն ընթանում է երկու զուգահետ գործընթացների ներքո՝ Ռուսաստանի գլխավորած եռակողմ գործընթացն ու Մինսկի խումբը, նշում է նա:
«Ռուսաստանի միջնորդությամբ եռակողմ գործընթացում քննարկվում են ավելի փոքր ծավալի տակտիկական հարցեր, և այստեղ հնարավոր է անգամ գրանցվի առաջընթաց: Սակայն հակամարտության առանցքը՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակն ու տեղի բնակչության անվտանգությունը, վերաբերում է Մինսկի խմբի ձևաչափին»,- ասում է Բրոյերսը:
Նրա կարծիքով, Մոսկվան շահագրգրցված չէ Մինսկի խմբի տապալման մեջ: Դրա հետ մեկտեղ նա դժվարանում է կանխատեսել, թե որքանով եռակողմ այս գործընթացը կգրանցի առաջընթաց և որ պահին հնարավոր կլինի համախմբել միջնորդական այս երկու ջանքերը:
«Ռուսաստանն իրեն համարում է «առաջինը հավասարների մեջ»՝ Մինսկի խմբի համանախագահների շարքում: Այն տարբեր փուլերում զգալի ներդրում է ունեցել Մինսկի խմբի գործընթացում, իսկ այժմ միանձնյա պատասխանատու է տեղում իրավիճակի համար: Իրավիճակ, որից գոհ չէ կողմերից ոչ մեկը: Այսպիսով, միգուցե կգա մի պահ, երբ նոր լիցք կհաղորդվի պատասխանատվության բեռը և Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ առաքելություն իրականացնելու վտանգը կիսելու հարցերում»,- ընդգծում է Բրոյերսը:
Վերլուծաբանը գտնում է, որ այս պահին Մինսկի խումբը օգտակար մի հարթակ է ամենաբարդ հարցերի համար, որոնք անհնար է կարգավորել այսօրվա միջավայրում:
Իր հերթին ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Քերի Քավանոն ևս կարևորում է այս ձևաչափը ԼՂ խնդրի կարգավորման հարցում: Նա մատնանշում է, որ Մոսկվան վերջերս նշանակեց նոր համանախագահ, որով, ըստ Քավանոյի, ազդարարեց, որ այս ձևաչափը շարունակում է մնալ արդիական: Ըստ Քավանոյի՝ ԱՄՆ-ը ևս այն դիտարկում է խնդրի կարգավորման համար հիմնական օղակ:
«Միացյալ Նահանգներն այս ձևաչափը դիտարկում է որպես առանցքային գործոն առաջընթացի համար: Քանի դեռ այն չի փոխարինվել մեկ այլ ձևաչափով, որը կստանա կողմերի աջակցությունը ու միջազգային հանրության հավանությունը, կարծում եմ, որ այն կմնա հիմնական մեխանիզմ»,- ընդգծում է Քավանոն:
Ըստ նախկին համանախագահի՝ մի շարք կարևոր ու առանցքային խնդիրներ, ներառյալ ԼՂ-ի կարգավիճակի, ռազմագերիների ու ձերբակալվածների, տարածքների վերականգնման և այլ խնդիրներ կարող են քննարկվել Մինսկի խմբի շրջանակում, եթե կողմերը ցուցաբերեն կառուցողական մոտեցում բանակցային գործընթացում: