Փարիզի սրտում գտնվող հատվածներից մեկն անվանակոչվել է Հայաստանի անունով
Երեկ երեկոյան Փարիզի քաղաքային խորհուրդն ընդունեց կարևոր որոշում՝ հերթական անգամ արձանագրելով Փարիզի և Հայաստանի միջև անխախտ բարեկամությունը և հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների ամրությունը։ Այս մասին հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը:
Քաղաքային խորհուրդի միաձայն որոշմամբ Փարիզի սրտում գտնվող հատվածներից մեկը՝ Ալմայի և Էնվալիդների կամուրջների միջև ընկած և Սենա գետին հարող ընդարձակ տարածքը, անվանակոչվել է Հայաստանի անունով՝ ստանալով Հայաստանի էսպլանադ հնչեղ անվանումը («Esplanade d'Arménie»)։
Հայաստանի էսպլանադը կընդգրկվի Փարիզի հասցեների պաշտոնական ռեգիստրում և իր ընդարձակ տարածքի մեջ կներառի նաև դեռևս 2004 թվականին բացված Կոմիտաս Վարդապետի արձանը և 2009 թվականին բացված Երևանի այգին։
«Շնորհակալություն ենք հայտնում Փարիզի քաղաքային խորհուրդին՝ քաղաքապետ Անն Հիդալգոյի գլխավորությամբ, այս կարևոր նախաձեռնության ու ընդունված որոշման համար, ինչպես նաև փոխքաղաքապետ Առնո Նգաչային՝ որոշման նախագիծը հեղինակելու համար։
Փարիզի խորհուրդի այս խորհրդանշական նիստին հրավիրված էր ներկա գտնվելու նաև Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանը»,- նշում են դեսպանությունից։