«Հրապարակ». Հ1-ի գաղափարական կոնտրոլը վստահելի ձեռքերում է
«Հրապարակ» թերթը գրում է. «Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը կադրային փոփոխություններ է արել Հ1-ում՝ լուրերի տնօրեն Ռուբեն Շահինյանին ազատելով պաշտոնից։ Իսկ Հեռուստառադիոխորհրդի անդամ Վահագն Թևոսյանի կնոջը՝ Լուսինե Բարսեղյանին, որը լուրերի պրոդյուսեր էր աշխատում, նշանակել է Շահինյանի փոխարեն՝ լուրերի տնօրեն։ Թեև դեռ հարց է` Մովսիսյա՞նն է Լուսինե Բարսեղյանի ղեկավարը, թե՞ հակառակը: Բարսեղյանը Փաշինյանի հավատարիմ անձանցից է, եղել է «Հայկական ժամանակի» լրագրող և Հանրային է տեղափոխվել Հ1-ի լուրերի գաղափարական ուղղվածությունը վերահսկելու համար:
Այնպես որ, փաստացի նա հենց լուրերի տնօրեն էր աշխատում իր եկած օրվանից, և Մովսիսյանը որևէ կերպ չէր միջամտում լուրերի աշխատանքին՝ խուսափելով Բարսեղյանի հետ որևէ առնչություն ունենալուց: Իսկ Ռուբեն Շահինյանի համար նոր պաշտոն են մտածել, որ անգործ չմնա: Հանրային հեռուստաընկերության հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Աննա Օհանյանը մեզ պատասխանեց. «Կառուցվածքային փոփոխություններ են եղել Հանրայինում, օրինակ՝ լրատվական ծառայությունում նախկինում կար գլխավոր պրոդյուսերի և գլխավոր խմբագրի հաստիք, որոնք հոկտեմբերի 1-ից օպտիմիզացվել են և դարձել լրատվական ծառայության «տնօրենի» հաստիք:
Այս հաստիքն այժմ զբաղեցնում է Լուսինե Բարսեղյանը, ով նախկին կառուցվածքով գլխավոր խմբագիրն էր: Ռուբեն Շահինյանն էլ ռազմավարական ծրագրերի պատասխանատուն է»։ Իսկ ռազմավարական ծրագրերի պատասխանատուի հաստիք նախկինում եղե՞լ է Հ1-ում։ Օհանյանը պատասխանեց. «Ոչ, Հանրայինը 5-ամյա զարգացման ռազմավարություն է հաստատել, ու անհրաժեշտություն է առաջացել նշանակել այդ ծրագրերի համակարգող` այդ գործառույթը տրված է Ռուբեն Շահինյանին»»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։