Հայկ Ալումյանի՝ դատավորին հայտնած ինքնաբացարկի միջնորդությունը չբավարարվեց
Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Նարինե Հովակիմյանը չբավարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանի կողմից իրեն հայտնած ինքնաբացարկի միջնորդությունը։
Որոշումը հրապարակելիս դատավորը մասնավորապես նշեց. «Որոշումը բողոքարկման ենթակա չէ, այն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից»։
Դատավոր Հովակիմյանը տեղեկացրեց, որ այսօրվա նիստը հնարավոր չէ շարունակել դատավարության մասնակիցների բացակայության ու դատարանի զբաղվածության պատճառով։
Վերաքննիչ դատարանում բողոքի քննությունը կշարունակվի նոյեմբերի 5-ին ժամը 16։30-ին։
Նշենք, որ հոկտեմբերի 15-ի դատական նիստում Հայկ Ալումյանն ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց դատավորին, որին միացան ԱԺ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանն ու պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը։
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը միջնորդությունը հիմնավորել էր փաստով, որ Ն. Հովակիմյանը ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանի միջնորդությամբ է պարգևատրվել, իսկ Գ. Ջհանգիրյանը մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ ունի կտրուկ դիրքորոշում։
«Մի մարդ, ով ի սկզբանե՝ մարտի 1-ից սկսած, այս գործով ունի կտրուկ դիրքորոշում, որը հակասում է Ռ․ Քոչարյանի դիրքորոշմանը, Ձեզ ներկայացնում է պարգևատրման, և Դուք պարգևատրվում եք։ Սա ցանկացածի մոտ կասկած է առաջացնելու Ձեր անկողմնակալության վերաբերյալ։ Ակնհայտ է, որ Դուք չեք կարող մասնակցել սույն գործով դատավարությանը», - ասել էր Ալումյանը։
Հիշեցնենք, որ Քրեական օրենսգքրի 300.1 հոդվածը ճանաչվել էր հակասահմանադրական, և այդ հիմքով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, ԶՈՒ ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց։ Առաջին ատյանի որոշման դեմ բողոքներ են բերել թե մեղադրող, թե պաշտպանական կողմը։
Հարակից հրապարակումներ`
- Հայկ Ալումյանը բացարկի միջնոդություն ներկայացրեց դատավոր Նարինե Հովակիմյանին
- Դատավորը՝ Սեդա Սաֆարյանին. Չե՞ք հասկանում՝ ինչ եմ ասում Ձեզ
- Դատավորն ընդհատեց Սեդա Սաֆարյանին
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները