Մարդիկ, ովքեր վրանների փոխարինումը տնակներով դիտարկում են համակարգում անհրաժեշտ աշխատանքների իրականացում, մոլորեցնում են հասարակությանը. Աբրահամյան
«Իսկ ո՞վ է Գեղարքունիքի մարզպետը, որ Զինված ուժերի ամրաշինական աշխատանքների հետ կապված կարող է տեղեկություն հաղորդել, որը կբավարարի ինձ կամ դրա հիման վրա ես կկառուցեմ իմ գնահատականները։ Դրա հասցեատերը պաշտպանության նախարարությունն է, Զինված ուժերի գլխավոր շտաբը, քաղաքական ղեկավարությունը», - լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, անվտանգության հարցերով փորձագետ Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի այն հայտարարության, որ Գեղարքունիքի սահմանային հատվածներում, որտեղ ադրբեջանցիներն առաջ են եկել, ամրաշինական աշխատանքներ չեն կատարում, մեր զինծառայողների 80 տոկոսը վրանների տակ չեն, տնակներում են, 20 տոկոսի հարցն էլ մինչև ձմեռ ամեն դեպքում կլուծվի:
Բացի այդ, Տ. Աբրահամյանի խոսքով, այն հատվածները, որտեղ Ադրբեջանը մխրճվել է, միայն Գեղարքունիքի մարզով չի սահմանափակվում, նաև Սյունիքի մարզում հատվածներ կան, անցնում է նաև Վայոց ձորի հատվածում:
«Այն գնահատականներն ու մոտեցումները, որոնց ես եմ տիրապետում, շատ հեռու են այն գնահատականներից, որոնք տրվել են մարզպետի կողմից»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը:
Նա ընդգծեց՝ առաջնագծում պաշտպանական համակարգի վերակառուցումը կամ կառուցումը չի ենթադրում, օրինակ, միայն վրանների փոխարինում մեկ այլ բնույթի շինությամբ։
«Այսինքն դա դեռ չի նշանակում, որ մենք այդ ուղղությամբ աշխատանք ենք կատարել, որը կարող է որևէ ձևով բավարարել։ Նույնիսկ պաշտոնական աղբյուրներից ստացվող տարբեր տեսանյութերում, որտեղ, բնական է, կադրերը տարբեր սահմանափակումներով են արվում, այդ կադրերը վերլուծության ենթարկելիս տեսնում եմ, որ կան մեծ թվով խնդիրներ։
Դիրքերում, որտեղ այսօր բավականին մեծ նվիրվածությամբ ծառայություն են իրականացնում մեր զինծառայողները, անում են բավականին բարդ ու ծանր պայմաններում։ Պետությունը պետք է կանգնի այդ մարդկանց մեջքին, պետք է ապահովի այդ մարդկանց անվտանգությունը, որպեսզի նրանք հնարավորություն ունենան սոցիալ-կենցաղայինից սկսած, վերջացրած մարտունակության համապատասխան մակարդակի ձեռքբերմամբ, ապահովեն Հայաստանի սահմանների անվտանգությունը», - ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորը։
Անվտանգության հարցերով փորձագետն ընդգծեց ՝ տնակը, կացարանը, պաշտպանական համակարգի դետալներից մեկն է միայն, դրա մեկ հարյուրերոդական մասը։
«Այն մարդիկ, ովքեր, օրինակ, վրանների փոխարինումը տնակներով դիտարկում են որպես համակարգում անհրաժեշտ աշխատանքների իրականացում կամ ամբողջացում, կամ մոլորեցնում են մեր հասարակությանը, կամ ուղղակի չեն տիրապետում իրավիճակին», - ասաց Տիգրան Աբրահամյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան