Պատերազմից հետո ամբողջը փուլ եկավ. Նարինե Գրիգորյան
«Պատերազմից հետո ընդհանրապես տրամադրված չէի բեմ բարձրանալ, ծանր շրջան էր ու չէիր կարողանում հասկանալ՝ ինչի համար խաղաս, հանուն ինչի»,- ասուլիսում ասաց Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի տնօրեն Արման Նավասարդյանը:
Նա նշեց, որ կային ներկայացումներ, որոնք պիտի դուրս գային խաղացանկից:
«Մենք ունեինք «Հաղթանակի գենեզիս» ներկայացումը: Պատերազմից հետո խնդրեցի Նարինե Գրիգորյանին, որ ես այլևս չեմ կարող այդ ներկայացումը խաղել, ինքն էլ, ոչ մեկս պատրաստ չէինք խոսել հաղթանակի, Շուշիի ազատագրման, հերոսական անցյալի, ավագ սերնդի սխրանքների մասին:
Բայց հիմա այդ ներկայացումը խաղացինք և հասկացանք, որ՝ չէ, պետք է խաղալ այդ ներկայացումը, պետք է ասել՝ մենք ինչ ենք ունեցել, ինչի արդյունքում ենք եղել հաղթած և դա համարենք թեկուզ դասաժամ, որ մենք ապրել ենք հաղթանակի բերկրանքը»,- ասաց Ա. Նավասարդյանը:
Իսկ ինչ վերաբերում է պատերազմական թեմաներով նոր բեմադրություններ անելուն՝ թատրոնի տնօրենը նշեց, որ հատուկ ստեղծագործելու թեմա չէ, պիտի ինքն իրեն լինի կամ չլինի, թեման պիտի ուզի, որ այդ թեմայի մասին խոսես:
Թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյանն ասաց, որպեսզի կարողանաս մի երևույթն արվեստ դարձնել ու դրա մասին պատմել՝ պիտի օտարանաս այդ երևույթին:
«Մեզ համար հիմա դա շատ ցավոտ թեմա է, որպեսզի կարողանանք նորից պատմել այս պատերազմի մասին: Հայրենական պատերազմից, Արցախյան առաջին պատերազմից հետո մոտ 15 տարի անհրաժեշտ էր, որպեսզի մարդիկ կարողանային պատմել այդ մասին: Առավել ևս արվեստում ոչինչ չի կարող զոռով լինել»,- նշեց նա:
Միաժամանակ Նարիեն Գրիգորյանը հավելեց, որ մինչև պատերազմը բոլորովին այլ խաղացանկ էր նախատեսված, բայց պատերազմից հետո ամբողջը փուլ եկավ:
«Բոլոր այն պիեսները, որոնք նախատեսել էի, որոնք թարգմանվել էին ներկայացնելու համար, ինձ թվաց անիմաստ է: Հետո, մեծ դժվարությամբ նորից սկսեցի ստեղծել այն խաղացանկը, որը հիմա է անհրաժեշտ՝ զգալով հենց այն պահանջները, որ ունեցել եմ:
Երբ հոգիդ կոշտանում է, չես կարողանում սիրո մասին խոսել և հենց դրա համար ենք անում այնպիսի ներկայացումները, որպեսզի ասենք՝ միևնույնն է, ինչ-որ տեղի է ունենում, մարդու համար է, բայց ամենակարևորը՝ ինչ մարդու համար ստեղծվել է՝ սերն է, որ պիտի տալ կողքինին ու ապրեցնել իրար:
Թե խաղացանկն է գլխիվայր շրջվել, թե այն, ինչ պետք է հետո արվեր, կան նաև ներկայացումներ, որոնք չենք խաղում, քանի որ չի խաղացվում»,-ասաց Նարինե Գրիգորյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները