Եթե պատասխանի մեջ մտահոգություններ եք տեսնում, ապա ԱԱԾ-ն կփարատի դրանք. Արման Սարգսյանը՝ Աննա Գրիգորյանին
«Խորամուխ չլինելով հարցիս բովանդակության մեջ ԱԱԾ-ն պատասխանել է, որ սահմանապահ զորքերը շարունակում են ծառայություն իրականացնել պետական սահմանի նշված հատվածում»,- ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նիստում անդրադառնալով Փայալասարի վերահսկողությունն ադրբեջանցիներին անցնելու մասին իր ահազանգին տված ԱԱԾ-ի պատասխանին՝ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը:
Նրա խոսքով՝ իրեն հայտնի է, որ ադրբեջանցիները սարի վրա հայտնվել են GPS սարքի միջոցով, առանց սահմանի հստակ դելիմիտացիայի և պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանին հարցրեց, թե երբ է տեղի ունեցել պետական սահմանի ճշգրտում, որ հասարակությունը դրան ականատես չի եղել:
«Հիմա ինչո՞ւ է ԱԱԾ-ն պետական սահմանի մասին խոսում, երբ այն դեռ ձևավորված չէ»,- հարցրեց պատգամավորը:
«Եթե դուք այդ պատասխանի մեջ մտահոգություններ եք տեսնում, ապա ԱԱԾ-ն կփարատի Ձեր մտահոգությունները, կամ կտա կողմնորոշիչ մեկնաբանություններ»,- պատասխանեց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը և անմիջապես էլ հայտարարեց, որ սահմանազատում և սահմանագծում չի իրականացվել:
Փոխնախարարը նաև նկատեց, որ Պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովում հնչած ոչ մի հարց էլ չէին վերաբերում իր ներկայացրած «Պետական սահմանի մասին» օրենքում լրացումներ կատարելու նախագծին:
Ըստ Աննա Գրիգորյանի՝ հարցերի առատության պատճառն այն է, որ արդեն երկու ամիս է ՊՆ ներկայացուցիչները խուսափում են գալ ԱԺ և մասնակցել հնչող հարցերի վերաբերյալ նախաձեռնվող քննարկումներին:
«Հայաստան» խմբակցության պատգամավորը նկատեց՝ իր հարցն էլ հենց դա է եղել, որ եթե պետական սահման չկա, ապա ԱԱԾ-ի պատասխանը լեգիտիմացնում է այն, որ ադրբեջանցիները գտնվում են ճիշտ այն դիրքերում, որտեղ պետք է գտնվեին:
Արման Սարգսյանն էլ պնդեց, որ եթե անգամ ԱԱԾ-ն սխալվել է, ապա պատգամավորը հարցը բարձրացնելով լեգիտիմացնում է սխալը և պետք էր այն աշխատանքային կարգով քննարկել:
Ընդդիմադիր պատգամավորները ստիպված կրկին տեղից բարձրաձայնեցին, որ երկու ամիս է նման քննարկում են խնդրում ՊՆ-ի և ԱԱԾ-ի հետ, որը չի կազմակերպվում վերջիններիս բացակայության և ԱԺ ղեկավարության անպատրաստակամության արդյունքում:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան