Մոսկվայի ու Կարսի պայմանագրերն անարդարության դրսևորումներ են հայության նկատմամբ. ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ
«Քեմալաբոլշիկյան փոխհամաձայնեցված ռազմաքաղաքական համագործակցության հետևանք հանդիսացող Մոսկվայի 1921 թ. մարտի 16-ի և դրա ածանցյալ՝ Կարսի 1921 թ. հոկտեմբերի 13-ի պայմանագրերը հայ ժողովրդի անժամանցելի իրավունքների կոպիտ ոտնահարումներ են և Սևրի դաշնագրի չեզոքացման փորձ»,- ասաց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը ՀՀ ԳԱԱ-ում՝ Մոսկվայի և Կարսի պայմանագրերի 100-ամյակին նվիրված «Հայաստանը և տարածաշրջանը. դասեր, արժեվորումներ, հեռանկարներ» խորագրով միջազգային գիտաժողովին։
Նա նշեց, որ Կարսի փաստաթղթի վավերականության հարցը արդիական է նաև մեր օրերում, քանի որ նրանով է պայմանավորված ներկայի հայ-թուրքական սահմանը:
«Ակնհայտ իրողություն է, որ այդ պայմանագրերն անարդարության դրսևորումներ են հայության նկատմամբ, սակայն հիմնախնդիրը ոչ այնքան այդ անարդարության վերահաստատումն է, որքան նոր անարդարություններից խուսափելու ելքեր փնտրելը»,- ասաց Հակոբ Տեր-Խաչատուրյանը:
Ըստ նրա, միջազգային իրավունքի տեսանկյունից Մոսկվայի, Կարսի պայմանագրերն անօրինական գործարկներ են, չեն կարող իրավական ուժ ունենալ: Միաժամանակ ՀՅԴ-ական գործիչը նշեց, որ այդ պայմանագրերը քաղաքական հետաքրքրություն կներկայացնեն, հնարավոր սխալներից խուսափելու, նախկին սխալները չկրկնելու համար կարևոր է այդ պայմանագրերի գիտական քննարկումները, անհրաժեշտ է դրանից բխող առաջարկներ ներկայացել քաղաքական դաշտին, հասարակությանը:
«Տարածաշրջանում այսօրվա աշխարհաքաղաքական զարգացումները բազմաթիվ նմանություններ ունեն 100 տարի առաջ եղած իրավիճակի հետ: Այս հանգամանքն էլ կստիպի վերաքննել այդ օրերին տեղի ունեցածը»,- ասաց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը:
Նշենք, որ հոկտեմբերի 19-21-ը ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության նիստերի դահլիճում տեղի կունենա «Հայաստանը և տարածաշրջանը. դասեր, արժեվորումներ, հեռանկարներ» խորագրով միջազգային գիտաժողով՝ նվիրված 1921 թ. Մոսկվայի և Կարսի պայմանագրերի 100-ամյակին: Գիտաժողովի կազմակերպիչներն են՝ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա Պատմության ինստիտուտը, Արևելագիտության ինստիտուտը, Հայ Յեղափոխական Դաշնակցության Հայ Դատի կենտրոնական խորհուրդը, «Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոն» գիտահետազոտական հիմնադրամը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան