Ռումինիան «կորոնավիրուսային աղետի» շեմին է` աշխարհում ամենաբարձր մահացության ցուցանիշով
Բնակչության թվաքանակով Ռումինիան աշխարհում մահացության ամենաբարձր ցուցանիշն ունի COVID-19-ից: Սա հետևում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներից: Վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակված ավելի քան 260 մարդ է մահացել, հայտնաբերվել է COVID-19-ի ավելի քան 10 հազար նոր դեպք: Այս մասին գրում է Euronews-ը։
Ռումինիայի կառավարությունում հիվանդացության և մահացության աճը կապում են պատվաստումների ցածր ցուցանիշների հետ. երկրի բնակիչների մեկ երրորդից էլ պակասն է ամբողջությամբ պատվաստված:
Արգելափակումները վերադառնում են
ԵՄ մի շարք երկրներում կորոնավիրուսի տարածման մասին լուրերի ֆոնին իշխանությունները կրկին խստացնում են սանիտարական սահմանափակումները: Հոկտեմբերի 21-ից պարետային ժամ է սահմանվում Լատվիայում, փակ են դպրոցները, ռեստորանները, ժամանցի կենտրոնները և խանութների մեծ մասը:
Սլովակիայի հինգ շրջաններում այս շաբաթվանից փակվել են ռեստորանները, ֆիթնես կենտրոններն ու սպորտային համալիրները, հանրային միջոցառումներին կարող է մասնակցել մինչև 100 մարդ, և բոլորը պետք է պատվաստված լինեն: Դիմակները պետք է կրել ներսում և դրսում:
Պատվաստում և կրկնակի պատվաստում
Ինչպես և Ռումինիայում, Լատվիան և Սլովակիան բողոքում են պատվաստումների տեմպերից: Պատվաստումների արշավի արագացման անհրաժեշտությունը քննարկվում է նաև Լոնդոնում. այս դեպքում խոսքը պատվաստանյութի լրացուցիչ խթանող դոզայի, ինչպես նաև դեռահասների պատվաստումների մասին է, որոնց շրջանում վարակն այժմ հատկապես ակտիվորեն տարածվում է:
Մինչդեռ Պորտուգալիայում որոշել են համատեղել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի պատվաստումը գրիպի դեմ պատվաստանյութի հետ: Այս արշավի շրջանակներում երկրի բնակիչներին առաջարկվում է անհապաղ ստանալ երկու պատվաստանյութի դոզան: Կառավարությունն ասում է, որ մինչև տարեվերջ այս կերպ կարող են պատվաստվել մինչև երկու միլիոն պորտուգալացիներ: