Կարսի պայմանագիրը վավերցնելու մասին խոսակցությունները ծիծաղելի են, այսօրվա վիճակով այն չեղյալ հայտարարելն՝ առավել ևս. Աշոտ Մելքոնյան
«Ոչ մեկի համար էլ գաղտնիք չէ, որ ինչպես Մոսկվայի, այնպես էլ Կարսի պայմանագրերն անօրինական են, քանի որ երկու դեպքում էլ միջազգային իրավունքի սուբյեկտ չէին կնքող կողմերը՝ ոչ Խորհրդային Ռուսաստանը, ոչ էլ Քեմալական Թուրքիան, ոչ էլ Անդրկովկասի երեք հանրապետությունները»,- ասաց ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը ԳԱԱ-ում՝ Մոսկվայի և Կարսի պայմանագրերի 100-ամյակին նվիրված «Հայաստանը և տարածաշրջանը. դասեր, արժեվորումներ, հեռանկարներ» խորագրով միջազգային գիտաժողովին։
Նրա զեկույցի թեման է՝ «Կարսի պայմանագիրը, պատմությունը և արդիական խնդիրներ»:
Ա. Մելքոնյանն ասաց, որ Կարսի այմանագիրը պարտադրված էր: Ակադեմիկոսը հարցադրում արեց՝ արդյո՞ք այն առաջարկությունները, որոնք մեզանում միշտ հնչում են՝ պայմանագիրը չեղարկելու վերաբերյալ, այսօր անհրաժեշտություն է:
«Իմ անձնական կարծիքն այն է, որ ոչ, քանի որ չեղյալ հայտարարելը նախ ծիծաղելի վիճակում կարող է մեզ դնել այն իմաստով, որ եթե, ի վերջո, մենք չեղյալ ենք հայտարարում այդ պայմանագիրը, ի՞նչ ենք դրա փոխարեն առաջադրում: Արդյո՞ք մեր պետությունը կարող է Սևրի մասին խոսել կամ այդ համարձակությունն ունի՞, որ խոսի Սևրի մասին: Կարծում եմ՝ այսօր ոչ: Ոմանք էլ ուզում են Մոսկվայի պայմանագիրը չեղյալ հայտարարել, երբ մենք չենք ստորագրել այդ պայմանագիրը»,- ասաց Ա. Մելքոնյանը:
Նա նաև հիշեցրեց հայ հասարակության վրդովմունքը հայ-թուրքական արձանագրությունների հետ կապված:
«Այս դահլիճում ՀՀ նախագահի ներկայությամբ մենք բողոքում էինք, որ եթե հայկական կողմը վավերացնի այդ արձանագրությունները, կնշանակի Կարսի պայմանագրին տալ իրավական տեսք: Մինչ այդ այն դեֆակտո է արձանագրում Ախուրյան-Արաքսը որպես հայ-թուրքական սահման, իսկ եթե միջազգային իրավունքի սուբյեկտ հանդիսանող Թուրքիայի և Հայաստանի միջև վավերացվեր այդ կքնված պայմանագիրը, կդառնար դե յուրե սահման, որն, իհարկե անթույլատրելի էր: Փառք Աստծո, որ դա տեղի չի ունեցել: Այսինքն Կարսի պայմանագիրը վավերցնելու մասին խոսակցությունները ծիծաղելի են, այսօրվա վիճակով այն չեղյալ հայտարարելն առավել ևս»,- ասաց Ա. Մելքոնյանը:
Ակադեմիկոսն իր զեկույցում անդրադարձավ նաև 1921 թվականի սեպտեմբերից, հոկտեմբերից՝ Կարսի պայմանագրի ստորագրումից առաջ տեղի ունեցած դիվանագիտական խարդավանքների, ապա նշեց. «Շատ զուգահեռներ անցկացնելով՝ տեսնում ենք, որ նման իրավիճակ, ցավոք սրտի, տեղի է ունեցել 2020 թվականին, և այսօր մենք դեռ ամեն ինչ չէ, որ գիտենք, բայց մոտավորապես կռահում ենք, թե ինչպես 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված չարաբաստիկ պատերազմն ունեցավ այդպիսի վախճան, բայց գոնե 100 տարի անց պետք է պատմությունից դասեր քաղենք և մեր սխալներն այլևս չկրկնենք»: