
ՔՊ-ն 8-րդ անգամ մերժեց Արթուր Ղազինյանի թեկնածությունը մշտական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում
ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի ՔՊ-ական պատգամավորներն այսօր 8-րդ անգամ մերժեցին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանի թեկնածությունը հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում:
Մինչ այդ Արթուր Ղազինյանը հայտարարեց, որ իր թեկնածության քննարկման հարցում իշխանությունը չի կարող ստիպել փոխել իր թեկնածուին, որքան էլ վերջինս նրանց սրտի մեջ տեղ չունենա:
Ղազինյանը հայտնեց, որ ընդդիմության իրավունքն է ներկայացնել թեկնածուին, իսկ իշխանությանը՝ մերժել նրան:
«Որպեսզի առարկայական լինի իմ խոսքը և մենք արագ անցնենք բովանդակային օրակարգային հարցերին, նորից կրկնելով, որ նախորդ նիստերում ինձ ուղղվել է 60-ից ավել հարցեր, արձագանքեր և պատասխաններ և մոտ 30-ից ավել ելույթ է հնչել, ես հրաժարվում եմ հարցերին պատասխանելուց և եզրափակիչ ելույթից և առաջարկում՝ անմիջապես անցնել քվեարկության»,-հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավորը:
Նիստը վարող Անդրանիկ Քոչարյանն էլ պնդեց, որ կանոնակարգի համաձայն շարունակելու է հարցուպատասխանը և ելույթները:
Կարճ քննարկումից հետո ԱԺ իշխանական մեծամասնության պատգամավորները դեմ քվեարկեցին Արթուր Ղազինյանի թեկնածությանը: