Երբ ես խոսում եմ, ձեր ձայնը չբարձրացնեք. Վեճ Գեղամ Մանուկյանի և Անդրանիկ Քոչարյանի միջև
«Մի բան հստակ է՝ իշխող դաշինքը չի կարող «Հայաստան» խմբակցության փոխարեն որոշում կայացնի և չի կարող պարտադրի իր որոշումը և այդ նպատակով էլ օրենսդրական կարգավորումով ընդդիմությանը վերապահված են որոշակի տեղեր»,-ԱԺ Պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ 8-րդ անգամ հանձնաժաղովի նախագահի տեղակալի պաշտոնում առաջադրելով խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանի թեկնածությունը:
Գեղամ Մանուկյանը, նկատելով, որ իշխող քաղաքական ուժը հանձնաժողովի փոխնախագահի ընտրությունն տապալելով խոչընդոտում է օրվա նիստի օրակարգի մյուս հարցերի քննարկումը, հայտնեց, որ շատ կարևոր հարցեր կան օրակարգում՝ զինծառայողի կարգավիճակի և պետական սահմանի նախագծերի վերաբերյալ:
«Հայաստան» խմբակցության պատգամավորը հայտնեց, որ նախորդ մեկ ամսվա ընթացքում ընդդիմությունը փորձ է արել Հայաստանի շուրջ առկա տարբեր սպառնալիքների վերաբերյալ քննարկումներ անել ԱԺ-ում՝ ՊՆ-ի ԱԱԾ-ի ներկայությամբ, բայց ԱԺ ղեկավարությունն անգործություն է ցուցաբերել և մինչև հիմա Խորհրդարանում չեն եղել քննարկումներ»,-նկատեց պատգամավորը:
Մանուկյանը տեղեկացրեց, որ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքը միացել են և Սահմանադրական իրավունքով նախաձեռնել ԱԺ-ի հատուկ նիստի գումարում:
«Որպեսզի Հայաստանի սահմանների հենակետերի փոփոխության մասին պատգամավորների, տարբեր գործիչների ահազանգերին արձագանքվի, այլ ոչ թե ԱԱԾ-ի երկվա խուճուճ ձևակերպմամբ քաղաքացին մոլորության մեջ թողնվի»,-հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը:
Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչրայնանն ընդհատեց Գեղամ Մանուկյանին:
Վերջինս հարցրեց, թե քանի րոպե կարող է խոսել:
Անդրանիկ Քոչարյանը հայտարարեց, որ 2 րոպե, որից հետո Գեղամ Մանուկյանը շարունակեց խոսքը, բայց, լսելով ոչ ցանկալի հայտարարություններ սահմանին զինվորների անվտանգ ծառայության վերաբերյալ, Անդրանիկ Քոչարյանը կրկին ընդհատեց Մանուկյանին:
«Հայաստան» խմբակցության պատգամավորը հայտարարեց, որ նա չի կարող իրեն ընդհատել:
Քոչարյանը բարձր տոնով պնդեց, որ ընդհատելու է, քանի որ նա շեղվել է օրակարգից:
«Ձայներդ մի բարձրացրեք իմ հետ խոսելուց»,-արձագանքեց Գեղամ Մանուկյանը:
Քոչարյանն էլ հայտարարեց, թե չի հասկանում թե ինչ վիճակ է տիրում նիստում:
«Երբ ես խոսում եմ՝ ձեր ձայնը չբարձրացնեք»,-կրկնեց Գեղամ Մանուկյանը:
Հանձնաժողովի նախագահն էլ պնդեց, որ կարող է ձայնը բարձրացնել, եթե շեղվում են օրակարգից:
Գեղամ Մանուկյանը պատասխանեց, որ բոլոր դեպքերում չի կարող ձայնը բարձրացնել:
«Նիստը վարողից կխնդրեմ, որ հանձնաժողովի անդամների հետ խոսելիս ձայնի տեմբրի կարգավորում անի, քանի որ պետք է հարգալից վերաբերվել պատգամավորի նկատմամբ»,-իր կողմից ավելացրեց Պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի թեկնածու Արթուր Ղազինյանը: