«Ժողովուրդ». Սանոսյանը առաջիկայում պատրաստվում է իր ղեկավարած գերատեսչությունը «մաքրել» թիմակից նախկիններից
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նորանշանակ նախարար Գնել Սանոսյանը նախարարության կարևորագույն կադրերին նշանակում է Գեղարքունիքի մարզպետարանից եկածներին: Նախկին մարզպետը մարզպետարանի գրեթե ողջ կազմին` ընկեր, ծանոթ, հարազատներ, պաշտոնների է նշանակում ՏԿ նախարարությունում: Նա իրեն տեղակալ է նշանակել Նարեկ Մանուկյանին, որը Սանոսյանի հետ աշխատել է մարզպետարանում ու իր մտերիմ ընկերներից է:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հիմա էլ մարզպետարանից պատրաստվում են նախարարության համար աշխատակազմի ղեկավար-քարտուղար բերել: Նախարարությունում սպասումների մեջ են, քանի որ Սանոսյանի բերած գրեթե բոլոր կադրերը անփորձ են ու անտեղյակ ոլորտից, իսկ նշված պաշտոնը շատ կարևոր է բոլոր գերատեսչությունների համար:
Իշխանության մեր աղբյուրները փոխանցում են, որ Սանոսյանն իր մտերիմ շրջապատում ասել է, որ նախարարությունում կադրային փոփոխությունները առաջիկայում շարունակելու է, քանի որ չի վստահում գործողներին: Մի խոսքով, Սանոսյանը առաջիկայում պատրաստվում է իր ղեկավարած գերատեսչությունը «մաքրել» թիմակից նախկիններից ու բերել իր համար հավատարիմներին»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում: