ՄԹ-ում առաջին անգամ հնչել է Սպենդիարյանի «Երևանյան էտյուդներ» սիմֆոնիկ ստեղծագործությունը համերգային կատարմամբ
Լոնդոնի Քենսինգթոն թագավորական համայնքի Սբ․Քաթսբերթ եկեղեցում հոկտեմբերի 16-ին կայացել է հոբելյանական համերգ և ցուցահանդես՝ նվիրված կոմպոզիտորներ Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 150 և Առնո Բաբաջանյանի 100-ամյակներին։ Միջոցառումը կազմակերպվել էր «Քլինգեն» երգչախմբի ու մշակութային ասոցիացիայի և նրա գեղարվեստական ղեկավար ու դիրիժոր Սիփան Օլահի ջանքերով՝ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանատան հովանու ներքո։
Սպենդիարյանի տուն-թանգարանի հանրային կապերի բաժնից հայտնում են, որ համերգին մասնակցել են միջազգային ճանաչում ունեցող շատ երաժիշտներ՝ դաշնակահարներ Յուլյա Չապլինան (Ռուսաստան), Սթավրոս Դրիթսասը (Հունաստան), Մարի Փալազյանը (Լիբանան-Անգլիա), մեներգիչներ՝ սոպրանո Անդրիանա Յորդանովան (Մալթա), մեցցոսոպրանո Հելեն Ռոթշելը (Անգլիա), սոպրանո Հայարփի Եղիկյանը (Հայաստան-Անգլիա), ջութակահար Անի Բադիկյանը (Անգլիա-Հայաստան) և «Քլինգեն» երգչախումբն և կամերային նվագախումբը, գեղարվեստական ղեկավարն ու դիրիժորը Սիփան Օլահն է, ով հանդես է եկել նաև որպես մեներգիչ (տենոր) և դաշնակահար: Այս համերգով հիմք է դրվել «Քլինգեն» կամերային նվագախմբին. համերգը նվագախմբի անդրանիկ ելույթն էր: Հնչել են Սպենդիարյանի ու Բաբաջանյանի բազմաթիվ սիրված ստեղծագործություններ։
Ա. Սպենդիարյանի «Երևանյան էտյուդներ» սիմֆոնիկ ստեղծագործությունը ՄԹ-ում համերգային կատարմամբ հնչել է առաջին անգամ (փոխադրումը կամերային կազմի համար՝ Սիփան Օլահի)։
Միջոցառման ընթացքում ցուցադրվել են անգլահայ հայտնի նկարիչներ Լեոնի Պիլարտի և Աննա Վիրաբյանի կտավները՝ նվիրված մեծ կոմպոզիտորների երաժշտական ժառանգությանը։
Միջոցառմանը ներկա են եղել ՄԹ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսիսյանը և դեսպանատան անձնակազմը, անգլիական եկեղեցու հոգևոր հովիվ, Սբ․Քաթսբերթ եկեղեցու հոգևորական Փոլ Բեգոտը, ՄԹ-ում Հայ առաքելական եկեղեցու թեմի առաջնորդ սրբազան Հովակիմ Մանուկյանը, Լորդերի պալատի անդամները, Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբի դիրիժոր Վարդան Ալթունյանը, հայկական համայնքային խորհրդի ողջ անձնակազմը, ՄԹ-ում հայկական մի շարք կազմակերպությունների ատենապետեր, երաժիշտներ Լոնդոնի թագավորական երաժշտական ակադեմիայից և Թագավորական երաժշտական քոլեջի կոլեկտիվից։ Երեկոյի ընթացքում ընթերցվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանի շնորհավորական ուղերձը։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները