«.. Ավելի հայ, ավելի համարձակ, ավելի Վարդան». Հանձնվեց Վարդան Ամալյանի հիշատակին նվիրված «Ոսկի սերմեր» կրթամրցանակը
«Իմ խորին համոզմամբ այս կրթամրցանակը… ինձ և ցանկացած հավակնորդի պարզապես կդարձնի ավելի հայ, ավելի համարձակ, ավելի Վարդան…»:
Այս փոքրիկ մեջբերումը ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողներից մեկն է գրել՝ մասնակցելով երախտիքի և հարգանքի «Ոսկի սերմեր» կրթամրցանակին՝ նվիրված ղարաբաղյան երրորդ պատերազմում անմահացած հերոս Վարդան Ամալյանի հիշատակին։
Հիշեցնենք, որ «Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամը այս տարվա ապրիլից սկսել է «Հարգանքի և երախտիքի կրթամրցանակ՝ նվիրված մեր գոյամարտի հերոսների հիշատակին» գիտակրթական ծրագիրը։ Ծրագրի մեկնարկը տրվել է «Էրիկ Գևորգյանի անվան երախտիքի կրթամրցանակ»-ով: ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի և «Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամի համատեղ նախաձեռնությամբ յուրաքանչյուր կիսամյակ 200 հազար դրամի չափով սահմանած մրցանակ կշնորհվի մեկ երիտասարդ ֆիզիկոսի։ Առաջին մրցանակակիրն էր ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի առաջին կուրսի ուսանող Ռուբեն Հարությունյանը:
«Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամն այս ուսումնական տարում ևս 5 նոր կրթամրցանակ է սահմանել. 4-ը՝ Երևանի Պետական համալսարանում, 1-ը՝ Հայաստանի Ամերիկյան համալսարանում։ Դրանք նվիրվում են մեր անմահ հերոսներին՝ մեր ոսկե սերմերին։
Հենց այդ կրթամրցանակներից մեկն էլ Վարդան Ամալյանի հիշատակին է նվիրված: Վարդանը զոհվել է 2020 թ․ նոյեմբերի 7-ին Շուշիի մատույցներում։ Նա 19 տարեկան էր։
«Կործանարար պատերազմն այնպիսի նոր մարտահրավերներ դրեց մեր առաջ, որ փորձեցինք հասկանալ, թե ինչպես կարող ենք մի փոքր մեր նպաստը բերել մեր հայրենիքի համար աղետալի այս իրավիճակում: Լավագույն լուծումը մեր թանկ անմահացած հերոսների անունները կրթության և գիտության առաջընթացի հետ կապելու գաղափարն է: Այդ առումով պատիվ ունեցանք առաջարկ ներկայացել ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետի դեկանին նման կրթամրցանակ սահմանել և համագործակցեցինք»,- կրթամրցանակի հանձնման արարողությանն ասաց «Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամի տնօրեն Արմինե Պետրոսյանը:
ԵՊՀ Հայ Բանասիրության ֆակուլտետի դեկան Արծրուն Ավագյանը նախ շնորհակալություն հայտնեց մրցանակաբաշխությանը ներկա Վարդանի ծնողներին՝ նման զավակ դաստիարակելու համար, ապա նշեց, որ խոնարհվում են Վարդան Ամալյանի, նրա ճանաչած ու չճանաչած բոլոր զինակիցների շիրիմների առջև.
«Անհաղթահարելի մի դժվարություն, որ ոչ մի կերպ, որքան էլ տրամաբանես, մտածես, չես կարող հաղթահարել, քանի որ դա ամեն օր այդ ծնողների սրտից, հոգուց կախված է: Լուսավոր տղաներ, մեկը մեկից կայռատ, ամեն մեկն իր ծնողի հույսի մոմ ու լույսի ճանապարհ:
Հույսերով, հավատով ճանապարհ եք դրել և հիմա կանգնած եք այսպիս փաստի առաջ: Տա Աստված, հայ ժողովրդի ճակատագրում այլևս չկրկնվի նման ողբերգություն:
Շատ ավելի լավ կլիներ այս արարողությունը չունենայիք մեր կյանքում, այլ պարգևատրումներ լինեին»:
Նա ընդգծեց՝ այս կրթամրցանակը հիշատակի և խոնարհման արտահայտություն է:
Բարերար, ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանը դիմեց Վարդանի հորը՝ երգիչ, երգահան Դավիթ Ամալյանին՝ նշելով. «Վարդանն իր գործով ապացուցեց, որ ձեր արժանի զավակն է: Դավիթ ջան, ես քո մեջ հայ մարդուն եմ տեսել, բազմաթիվ անգամներ առանց որևէ ակնկալիքի համերգներ եք տվել սերունդներ դաստիարակելու համար»:
Վարդան Ամալյանի հիշատակին նվիրված երախտիքի և հարգանքի «ՈՍԿԻ ՍԵՐՄԵՐ» կրթամրցանակին (200 հազար դրամի) արժանացավ ԵՊՀ Հայ բանսիրության ֆակուլտետի ուսանողներից Հայկ Սիրունյանը: Մրցանակի հովանավորն է գերմանաբնակ հայ կանանց խումբը: Մրցանակը հանձնեց բարերար, Բեռլինի հայկական կիրակնօրյա դպրոցի հայերենի ուսուցչուհի Լուսինե Զեյթունյանը:
Դավիթ Աալյանը Վարդանի անունից շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր մասնացել են կրթամրցանակին, ներողություն հայտնեց նրանցից, ովքեր մրցանակի չարժանացան:
Հենց միջոցառման ժամանակ հայտարարվեց, որ բարերար Գուրգեն Մելիքյանը կրթամրցանակի բոլոր մասնակիցներին կտրամադրի 30 հազարական դրամ:
Մասնակից ուսանողներից մեկը շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին՝ նշելով. «Սրանից ավելի վեհ պատիվ չի լինի: Մենք ենք շարունակողը, մենք ենք արարողը, դուք մեզ օգնողն եք»:
Դավիթ Ամալյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց. «Իհարկե, կուզեմ տղայիս հիշատակի համար կարևոր բաներ անել: Որոշ բաներ կան՝ իր գործերով ներկայացում, իր գիրքն է անընդհատ տպվում, բաժանվում այն մարդկանց, ովքեր այդ գիրքը որպես արժեք գնահատում են»:
Նա նշեց, որ Վարդանը բանասեր չէր, միգուցե կդառնար, ռեժիսոր դառնալու ցանկություն ուներ, բայց ընդունվել էր Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ. ««Թաղային կուլտուրաներում» բավականին եփված էր: Այդ ոճի մեջ էր, բայց իր գրածները դա չէր: Իր գիրն ու կերպարն ամբողջությամբ հակասություն էր: Երևի թե այդ հակասությունը հասցրեց այնտեղ, որ ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետում տղայիս անունով մրցանակ կա»:
Վարդանը 11 տարեկանից գրել է, ունի պատմվածքների և մանրապատումների հրատարակված ժողովածու:
Հարակից հրապարակումներ`
- Կրթամրցանակներ նվիրված մեր անմահ հերոսներին՝ մեր ոսկե սերմերին
- «Ուրիշ ով, եթե ոչ ես»... Էրիկ Գևորգյանը բանակ գնաց այս խոսքերը շուրթերին
- «Ոսկե սերմեր». Էրիկ Գևորգյանի անվան երախտիքի առաջին կրթամրցանակակիրը
- Էրիկն ուզում էր՝ այս երկիրը երկիր սարքել, սակայն…
- «Նրանք փորձեցին մեզ թաղել, բայց չգիտեին, որ մենք սերմեր ենք»...
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան