Ալիևը Թալիշի մշակույթի տունը ներկայացրել է որպես ռուսական ուղղափառ եկեղեցի, մինչդեռ Թալիշում երբևե ռուսական եկեղեցի չի եղել
Արցախի Հանրապետության «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայությունը» գրում է, որ Թալիշի «Ամենափրկիչ» եկեղեցին աղվանական կարող են ներկայացնել միայն տգետները։
Թալիշ գյուղը գտնվում է Մարտակերտի շրջանում, 44-օրյա պատերազմի արդյունքում մնացել է Ադրբեջանի վերահսկողության տակ: Գյուղում և նրա շրջակայքում կատարված հողային և շինարարական աշխատանքների ընթացքում հայտնաբերված նյութերը, մասնավորապես քարե գործիքները, քարարկղային թաղումները վկայում են, որ այդ հատվածում մարդն ապրել է հնագույն ժամանակներից: 5-րդ դարում Հոռեկա վանքի շրջակայքում եղած բնակավայրն անվանվել է Թարիջ, 13-րդ դարից գյուղը անվանակոչվել է Հոռեկա:
1822թ. Մելիք-Բեգլարյան Թալիշ բեկի անունից գյուղը վերանվանվել է Թալիշ: Այդ ժամանակահատվածում Մեսրոպ Թաղիադյանցը այդ գյուղն անվանել է Դիզա: Հարմարավետ և ռազմավարական նշանակություն ունեցող դիրքը նպաստել է, որ բնակավայրը դառնա Գյուլիստանի մելիքության վարչական կենտրոնը:
Թալիշի գյուղամիջի «Ամենափրկիչ» եկեղեցու կառուցումը ավարտվել է 1894 թվականին: Ըստ Մակար Բարխուդարյանցի, կառուցվել է հասարակության ծախսերով: Հուշարձանն աչքի է ընկնում բացառիկ մեծ չափերով, ընդարձակ սրահով եռանավ բազիլիկա: Կառուցված է տեղական սրբատաշ ու կոպտատաշ դարչնագույն քարերով: Ներքուստ ամբողջովին սրբատաշ է, թաղակապ, ծածկը թիթեղաշեն:
Հյուսիսային պատի արևմտյան մասում ներկառուցված է մկրտության ավազանը: Հուշարձանի չափերն են՝ 21.75 մետր երկարություն և 13.1 մետր լայնություն: Ըստ Բարխուդարյանցի եկեղեցին ունեցել է երկու մուտք, որոնք բացվում էին հյուսիսային և հարավային կողմերից։ Ավելի ուշ հարավային դուռը փակվել է։ Եկեղեցին ունի 9 լուսամուտներ, արևելքից՝ 3, արևմտյան կողմից՝ 1, հյուսիսից՝ 2, հարավից 3:
Եկեղեցու պատերը և տանիքը քանդվել է Արցախյան առաջին պատերազմի ժամանակ ադրբեջանցիների ռmբակոծությունից, որը վերականգնվել է 1998 թվականին:
«Թալիշի 19-րդ դարում կառուցված «Ամենափրկիչ» եկեղեցին աղվանական կարող են ներկայացնել միայն տգետները, որոնք տարրական գիտելիքներ իսկ չունեն պատմական իրադարձություններից, բայց սրանով չի սահմանափակվում Ալիև կրտսերի մտքի ճամարտակումը, նա Թալիշի մշակույթի տունը, որի կառուցումը սկսվել է 1957 թվականին և ավարտվել 1959 թվականին վերջերս կատարած այցելության ժամանակ, ինչ -ինչ նպատակներով ներկայացրել է որպես ռուսական ուղղափառ եկեղեցի, մինչդեռ Թալիշում երբևե ռուսական եկեղեցի չի եղել:
Այն եղել է 280 տեղանոց ակումբ, որտեղ ամեն օր ցուցադրվել են ֆիլմեր, հաճախ էլ կազմակերպվել են համերգներ և թատերական միջոցառումներ: Ակումբը եղել է սարքին վիճակում և քարուքանդ է արվել գյուղը բռնազավթելուց հետո:
Միգուցե Ալիևը քաջություն ունենար ցուցադրել, թե ինչպես են հիմնահատակ քանդել Հայրենական պատերազմի և Արցախյան գոյամարտում զոհված հերոսների հիշատակին կառուցված հուշարձանը»,- նշում են Արցախի «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն»-ից:
Հարակից հրապարակումներ`
- «Ադրբեջանական ճանապարհները» և վտանգված հայկական մշակութային ժառանգությունը. monumentwatch.org
- Մոտ 2000 օկուպացված հուշարձան կա. Արցախի ԿԳՄ նախարար
- «Ուդիական քարոզչությունը որպես ադրբեջանական քաղաքականության դրսևորում». monumentwatch.org
- Ի՞նչ մեխանիզմներով եք հակազդում Ադրբեջանի՝ հայկական հուշարձանները ոչնչացնելու քաղաքականությանը. Լիլիթ Գալստյանը՝ կառավարությանը
- Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին որպես Ռուս ուղղափառ եկեղեցի ներկայացնելու մասին. monumentwatch.org
- ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողով․ Ադրբեջանն հայկական հուշարձանները ոչնչացնում է ԴԱԵՇ-ի ոճով
- Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողով. Պաշտպանել Արցախում քրիստոնեական հուշարձանները
- Գարեգին Բ․ Բաքուն թույլ չի տալիս ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագետների մուտքը Արցախի օկուպացված տարածքներ․ եկեղեցիներն ու հուշարձանները սպառնալիքի տակ են
- Հայկական հուշարձանները՝ ղարաբաղյան հակամարտության կրակի գծում