Հինգ անձի մահվան պատճառ դարձած վթարը ճանապարհաշինարարական աշխատանքների ընթացքում անվտանգության կանոնները չապահովվելու հետևանք է
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 07:00-ի սահմաններում, Գյումրի քաղաքի 59-ամյա բնակիչն իր վարած ուղևորատար «ԳԱԶԵԼ» մակնիշի ավտոմեքենայով դեպի Երևան ընթանալիս, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 51-րդ կմ-ի հատվածում, ավտոմեքենան դուրս է բերել ճանապարհի երթևեկելի գոտուց աջ և կողաշրջվել, որի հետևանքով վերջինս և նույն ավտոմեքենայի չորս ուղևոր մահացել է, ևս 17-ը, տարբեր մարմնական վնասվածքներով, տեղափոխվել են բժշկական կենտրոններ:
Քննչական կոմիտեից հայտնում են, որ դեպքի վայրի զննությամբ պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 51-րդ կմ-ի շրջադարձային հատվածում իրականացվող ճանապարհաշինարարական աշխատանքների ընթացքում չեն ապահովվել անվտանգության կանոնները։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով և 230-րդ հոդվածի 2-րդ մասով:
Կատարվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է.
«Ավտոմոբիլի կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոցի վարորդի կողմից ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ`պատժվում է ազատազրկմամբ` չորսից տասը տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով»։
ՀՀ քրեական օրենսգրքի 230-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է. «Լեռնահանքային, շինարարական կամ այլ աշխատանքների կատարման ընթացքում անվտանգության կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանքներ, պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը տասը տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Հարակից հրապարակումներ`
- ԱՆ. Երևան-Գյումրի ճանապարհին վթարից տուժածներից 3-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր
- ԱԻՆ. «Գազել»-ի կողաշրջման հետևանքով մահացել է 5 մարդ, 10 մարդ տեղափոխվել է հիվանդանոց
- Երևան-Գյումրի ճանապարհին «GAZel»-ը կողաշրջվել է․ կան զոհեր և վիրավորներ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին