Երևանում կանցկացվեն «Լեհական մշակույթի օրեր»
Երևանում հոկտեմբերին կանցկացվեն «Լեհական մշակույթի օրեր»։ Նախագիծն իրականացնում է «Our Beat for Culture Foundation» («Róbmy swoje dla kultury», Լեհաստան) և Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը՝ ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության դեսպանության հետ համագործակցությամբ։
Կազմակերպիչների փոխանցմամբ, նախագիծը համաֆինանսավորվել է Լեհաստանի դեսպանության մշակույթի և ազգային ժառանգության, ինչպես նաև արտաքին գործերի նախարարությունների կողմից։
Հոկտեմբերի 21-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում կկայանա երեխաների համար նախատեսված աշխատարան՝ լեհական պատմության և մշակույթի վերաբերյալ։ Այն կիրականացնեն մասնագետներ Łazienki Królewskie-ից։ Հոկտեմբերի 22-ին աշխատարաններ կանցկացվեն Բրյուսովի անվան պետական համալսարանում։ Նույն օրը ժամը 17:00 Հայաստանի պատմության թանգարանում կբացվի «Լազենկիի գանձերը» խորագրով ցուցահանդես։
Հոկտեմբերի 24-ին, ժամը 19:00 «Մոսկվա» կինոթատրոնում կցուցադրվի «Մաթեմատիկոսի արկածները» կինոնկարը, որին կհաջորդի հարց ու պատասխան։ Ֆիլմի աստղ Ֆիլիպ Տլոկինսկին կժամանի Հայաստան ու կմասնակցի միջոցառմանը։ Նրա այցը և ֆիլմի ցուցադրությունը իրականություն են դառնում Վարշավայի բորսային ընկերության աջակցությամբ։
Հոկտեմբերի 25-ին, ժամը 19:00 «Մոսկվա» կինոթատրոնում կցուցադրվի «Ժեյա» ֆիլմը, իսկ «Օրեր և գիշերներ» կինոնկարի ցուցադրությունը կկայանա նույն կինոթատրոնում հոկտեմբերի 26-ին, ժամը 16:00 և 18:00։
Հոկտեմբերի 28-ին, ժամը 17:00 Կոմիտասի թանգարան-ինստիտուտում կբացվի «Լեհաստանի կողմից պարգևատրված հայերը և հայկական ծագումով լեհերը» խորագրով ցուցահանդեսը։
«Լեհական մշակույթի օրեր» ծրագրի գալա համերգը կանցկացվի հոկտեմբերի 30-ին, ժամը 19:00 Կոմիտասի թանգարան-ինստիտուտում․տեղի կունենա լեհ ճանաչված երաժիշտներ Վոյտեկ Պրոնիևիչի և Ռոշկո եղբայրների համերգը։ Կհնչեն Կարոլ Լիպինսկու և Վոյչեխ Կիլարի ստեղծագործությունները։
Բոլոր միջոցառումների մուտքն ազատ է։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները