«Հրապարակ». Արարատ խոշորացված համայնքում ՔՊ-ն դեռևս հարմար թեկնածու չի կարողանում գտնել
«Հրապարակ» թերթը գրում է. «ՏԻՄ ընտրությունների արդյունքներն իշխանություններին ստիպել են կոշտացնել ռազմավարությունը` չէ՞ որ ՏԻՄ ընտրությունների դեռ երկու փուլ կա։ Մարզային կառույցներին արդեն ասվել է, որ փող ու ռեսուրսներ չխնայեն և կրկին քննարկեն որոշ թեկնածուների առաջադրման նպատակահարմարությունը։
Օրինակ՝ Արարատի կառույցում վստահ են, որ Վեդիում կոկորդիլոսագետ Գարիկ Սարգսյանի առաջադրման դեպքում արդյունքը կլինի այնպես, ինչպես Գյումրիում և Գորիսում։ Նույնը Վանաձորի և Կապանի դեպքում է: Մյուս կողմից՝ որևէ հեղինակավոր մարդ չի համաձայնում առաջադրվել ՔՊ ցուցակով։
Մեր տեղեկություններով, մինչ այս պահը Արարատ խոշորացված համայնքում ՔՊ-ն հարմար թեկնածու չի կարողանում գտնել, բոլորը մերժում են, այժմ բանակցում են մարզում հայտնի հեղինակություն Նորիկ (Ձկո) Ղազարյանի քրոջ որդու հետ։
Վազգեն և Արամ Սարգսյանների մտերիմ Նորիկ Ղազարյանն Արարատում ունի ցեմենտի գործարան, որը, սակայն, տարիներ ի վեր չի շահագործվում նրա՝ նախկիններին ընդդիմադիր պահվածքի պատճառով։ Բայց նա էլ չի համաձայնում դառնալ Նիկոլ Փաշինյանի թեկնածուն: Համենայնդեպս մեզ ասացին, որ այս անձինք էլ դեռ չեն ընդունել իշխանության առաջարկը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում