Ռուսաստանում 2021թ․-ի առաջին կեսին կորոնավիրուսից մահացել է 1100 բժիշկ
2021 թվականի առաջին կիսամյակում կորոնավիրուսային համաճարակի դեմ պայքարում մահացած ռուս բժիշկների թիվը հասել է 1100-ի։ Այս մասին ասել է Պետդումայի բյուջետային կոմիտեի նախագահ Անդրեյ Մակարովը՝ ելնելով բյուջետային ծախսերի տվյալներից, որոնք որպես փոխհատուցում տրվելու են մահացած բժիշկների ընտանիքներին: Այս մասին գրում է Interfax-ը։
«Այսպիսով, 485 բժիշկ մահացել է 2020 թվականին, մենք դա տեսնում ենք բյուջեից: Բայց 2020-ին պատվաստանյութ չկար: Այսօր պատվաստանյութը կա, իսկ մահացած բժիշկների թիվը աճում և աճում է: Այս տարվա վեց ամսվա ընթացքում այս ցուցանիշը հասել է 1100-ի», - լրագրողներին ասել է Մակարովը:
Ըստ Մակարովի, այս թվերը ցույց են տալիս, որ Ռուսաստանում պատվաստումները չեն իրականացվում բավական արագ տեմպերով, և պատվաստումների խթանումը պետք է ավելի ակտիվ լինի:
«Եվ գուցե հիմնական դասն այն է, որ նրանք, ովքեր այսօր դեմ են պատվաստումներին՝ փորձելով էժան քաղաքական ժողովրդականություն վաստակել, սա այլևս անպատասխանատվություն չէ, սա ստորություն է», - ավելացրել է նա: