Խնդրահարույց կետերի պատճառով 2 ամսով հետաձգվեց հանրային ծառայությունները կարգավորող օրենքների փաթեթի քննարկումը
«Մենք պատրաստ ենք մինչև 2 ամիս ևս քննարկել բոլոր խնդրահարույց հարցերը, կամ բացերը, և մեր կարծիքը հասու դարձնել շահագրգիռ կողմերին»,- Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում հայտնեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը՝ հիմնավորելով նիստի օրակարգից «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի և կից օրենքների փաթեթի նախագծի քննարկումը 2 ամսով հետաձգելու իր առաջարկը:
Նա հանձնաժողովին խնդրեց, որ հարցերը լուծելուց և հանձնաժողովի հաջորդ նիստին նախագիծը բերելուց հետո, այն արագ ընթացակարգով ընդունվի, քանի որ փաթեթում ընդգրկված «Հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարների մասին» օրենքը ցանկալի է ներդնել մինչև նոր բյուջետային տարվա սկիզբը:
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանը հայտնեց, որ ողջունելի է նախագիծը հետաձգելու առաջարկը, քանի որ այնտեղ կան վիճահարույց բազմաթիվ հարցեր:
Հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանն էլ խոստացավ, որ եթե խնդիր չլինի, ապա առաջինից երկրորդ ընթերցում այն 24 ժամյա ռեժիմով կընդունվի:
Հանձնաժողովը մինչև երկու ամսով հետաձգեց «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի և կից օևենքների փաթեթի նախագծի քննարկումը:
Ներկայացնելով օրակարգում ընդգրկված հաջորդ՝ «Գեոդեզիայի և քարտեզագրության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը՝ ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը հայտնեց, որ այն կօգնի քաղաքացիներին շատ արագ և հեշտ տարբերակով տվյալներ ստանալ տարածական տվյալների վերաբերյալ:
Նախագծի հիմնավորման մեջ ասվում է, որ փոփոխություններով սահմանվել են տարածական տվյալների և ենթակառուցվածքների, բազային և թեմատիկ տվյալների ցանկը և դրանց ստանդարտացման ուղեցույցները: Փոփոխություններում առկա են նաև աշխարհագրական տեղեկատվական համակարգի, գեոպորտալի, տարածական և ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքների վերաբերյալ կարգավորումները:
«Սահմանվել է նաև, որ նախագծային փաստաթղթերը հաստատվում են միայն Կադաստրի կոմիտեի համաձայնությամբ: Հայաստանի Հարապետության կառավարության կողմից հաստատված ստանդարտների համաձայն՝ Կոմիտեն տրամադրում է տեղագրական և քարտեզագրական բնույթի նյութեր ու տարածական տվյալներ:
Նախագիծը կարգավորում է տարածական տվյալների ենթակառուցվածքի ստեղծման, վարման և փոխգործելիության ապահովման, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին և հասարակությանն անհրաժեշտ տարածական տեղեկատվության ստեղծման, դրա հասանելիության, մատչելիության, անընդհատության ապահովման հարցերը, ինչպես նաև տարածական տվյալների և ծառայությունների հասանելիության ապահովումը ազգային գեոպորտալի միջոցով»,- ասվում է նախագծի հիմնավորման մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա