Արթուր Ղազինյան. Ճշմարտությունը սերունդների համար պետք է բացահատվի
«Յուրօրինակ մեղքի զգացում ունենք, որ մենք ողջ ենք, իրենք մեզ հետ չեն։ Բայց մի կարևոր հանգամանք կա, որ մենք բոլորս պետք է ֆիքսենք, ընդունենք, որպես կյանքի հանձնառություն և դրանով առաջնորդվենք»,- հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը՝ խոսելով «Ճշմարտություն սերունդների համար» նախաձեռնության կազմակերպած քննարկմանը, որին մասնակցում են նաև 44-օրյա պատերազմի ժամանակ նահատակված երիտասարդների ծնողները, ընտանիքի անդամները:
Նրա խոսքով, պետք է իմաստով լցնել տղաների զոհողությունը, որոնք իրենց ամենաթանկը՝ կյանքը նվիրեցին հայրենիքին։
«Մեզանից յուրաքանչյուրը պետք է ընդունի, որ չսպառված էներգիան կուտակված է Եռաբլուրում, և այդ էներգիան, կիսատ մնացած կյանքերը, պետք է դառնան իմաստ, բովանդակություն շարունակելու»,- ասաց Ղազինյանը։
Նա նշեց, որ շատերը մտածում են՝ Ադրբեջանը պատերազմ սկսել էր Արցախի դեմ, մինչդեռ անմահացած տղաները հասկանում էին, որ յուրաքանչյուր մետրի, թիզի համար մղվող պայքարը սեփական տան համար մղվող պայքարն էր։
«Մենք իրավունք չունենք չպայքարելու։ Մենք պետք է պայքարենք հաղթելու, ապրելու համար։ Ես ուզում եմ, որ բոլորս գիտակցենք, ոչ ոք անպատիժ չպետք է մնա։ Այն մարդիկ, որոնք ուղղակի կամ անուղղակի մասնակից են եղել այս դավադիր պատերազմի ծրագրավորմանը, իրականացմանը, ուշ թե շուտ, միևնույն է, ենթարկվելու են ամենախիստ քրեական պատասխանատվության։ Ճշմարտությունը սերունդների համար պետք է բացահատվի, այդ ճշմարտությունն է մեզ տանելու ամուր, իրապես պինդ հայկական պետության ստեղծմանը։
Մենք խոնարհվում ենք ձեր առջև, սպասում ենք ձեր պատգամին, ավարտին հասցնելու մեր պետության կայացման այդ փուլն ու անցնել առաջ։ Իրականում մենք բոլորս պատրաստ ենք կոնկրետ գործողության, քայլերի, լուծելու այս հարցը և մեղավորներին կանգնեցնելու դատարանի առջև»,- ասաց Ղազինյանը։
Հարակից հրապարակումներ`
- Զոհվածի հայր. էդ Արայիկ Հարությունյանը չէ՞ր, որ հայտարարում էր Արցախի օդը փակ է
- Տիգրան Աբրահամյանի ահազանգը. Պատերազմի հետ առնչվող մեծ թվով հանգամանքներ ուղղակի ոչնչացվելու են
- Սեյրան Օհանյան. Սպառնալիքները շատ են, մինչդեռ դրանց կանխարգելման համար հնարավորություններն այնքան էլ բարձր չեն